Կանայք և աղջիկները կազմում են համաշխարհային բնակչության 49 տոկոսը և թեև նրանք տղամարդկանցից երկար են ապրում, սակայն իրենց կյանքի 25 տոկոսով ավելի մեծ հատվածն անցկացնում են վատառողջ վիճակում կամ հաշմանդամությամբ:

Այնուամենայնիվ, կանանց առողջության ոլորտում ներդրումները մնում են անհամաչափ ցածր և նեղ կերպով կենտրոնացած են մի քանի թերապևտիկ ուղղությունների վրա, հաղորդում է Euronews-ը: Կանանց առողջությանը բաժին է ընկնում առողջապահության ոլորտում մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալի միայն վեց տոկոսը, իսկ ամբողջությամբ կանանց առողջության վրա կենտրոնացած ընկերությունները ներգրավում են մեկ տոկոսից պակաս, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) և Boston Consulting Group-ի (BCG) նոր զեկույցում:

«Գենդերային հավասարությունը առաջընթաց է ապրել, սակայն տղամարդկանց և կանանց առողջական ցուցանիշների միջև անդունդը զգալի է մնում»,— զեկույցում գրել են Թրիշ Ստրոմանը BCG-ից և Շյամ Բիշենը ՀՏՖ-ից:

Բժշկական տեխնոլոգիաների ոլորտում անդունդն է՛լ ավելի մեծ է։ Alantra միջազգային ֆինանսական ընկերության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023 թվականին կանանց առողջության ոլորտում գործող ընկերությունները ստացել են առողջապահական տեխնոլոգիաների վենչուրային ֆինանսավորման 41,2 միլիարդ դոլարի (35,1 միլիարդ եվրո) ընդամենը երկու տոկոսը։

BCG-ի հետազոտությունը փաստում է, որ ԱՄՆ-ում պատշաճ սքրինինգը և կանանց տրամադրվող օգնության որակի բարելավումը՝ կենտրոնանալով ընդամենը չորս վիճակների վրա՝ մենոպաուզա, օստեոպորոզ, Ալցհեյմերի հիվանդություն և սրտանոթային հիվանդություններ, կարող են ավելի քան 100 միլիարդ դոլարի (85 միլիարդ եվրո) շուկայական արժեք ազատել։

Սահմանափակ ներդրումները՝ զուգորդված հետազոտությունների դիզայնի, կլինիկական տվյալների և բժշկական օգնության հասանելիության հետ, շարունակում են ամրապնդել այս անդունդը։ «Արդյունքում մենք ոչ միայն թերացում ունենք հանրային առողջապահության ոլորտում, այլև պատմական մասշտաբի շուկայական անարդյունավետություն»,— ասվում է զեկույցում

Շատ հիվանդություններ կանանց վրա ազդում են յուրովի, այլ կերպ և անհամաչափ։ Կանայք տառապում են գենդերային սպեցիֆիկ վիճակներից, ինչպիսիք են էնդոմետրիոզը, մենոպաուզան, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը և քաղցկեղի որոշ տեսակներ։

Ընդհանուր առմամբ, կանայք տարեկան կորցնում են շուրջ 75 միլիոն տարի առողջ կյանք, ինչը համարժեք է յուրաքանչյուր կնոջ համար տարեկան մեկ շաբաթ առողջության կորստին, նշվում է զեկույցում։

Հինգ գենդերային սպեցիֆիկ վիճակներ՝ էնդոմետրիոզը, մոր առողջությունը, նախադաշտանային համախտանիշը, մենոպաուզան և արգանդի վզիկի քաղցկեղը, կազմում են կանանց հիվանդությունների բեռի 14 տոկոսը, սակայն վերջին տարիներին ստացել են համապատասխան հետազոտական ֆինանսավորման մեկ տոկոսից պակասը։

Զեկույցում հուսալի ապացուցողական բազան անվանվել է այն գլխավոր շարժիչ ուժը, որն ի զորու է սնուցել նորարարություններն ու ներդրումները։

Կանանց առողջության ողջ ներուժն իրացնելու համար կպահանջվի նպատակային, միջճյուղային առաջնորդություն։ Ապացույցների վրա հիմնված ներդրումային հնարավորությունների բացահայտման համար անհրաժեշտ է ավելի խորը ձևով հասկանալ կանանց առողջության հետ կապված վիճակները, ինչը նշանակում է՝ ուսումնասիրել և վերլուծել դրանք կլինիկական փորձարկումների շրջանակներում։

Սակայն գործնականում դա ամենևին էլ այդքան հեշտ չէ։

Չնայած կարգավորող պահանջներին և քաղաքական նախաձեռնություններին՝ կանայք շարունակում են համակարգված կերպով թերներկայացված մնալ հիմնական հիվանդությունների կատեգորիաների գծով կլինիկական փորձարկումներում։