Moderna եւ Merck դեղագործական ընկերությունների մշակած մաշկի քաղցկեղի դեմ փորձնական պատվաստանյութը հինգ տարվա կլինիկական փորձարկման արդյունքում ցույց է տվել հուսադրող արդյունքներ։
Տվյալները վկայում են զգալի եւ երկարատեւ հակաուռուցքային ազդեցության, ինչպես նաեւ տարածված մելանոմայի փուլում գտնվող պացիենտների գոյատեւման բարելավման մասին։
Թերապիան, որն այժմ գտնվում է 2-րդ փուլի կլինիկական փորձարկումների փուլում, համատեղում է Moderna-ի անհատականացված mՌՆԹ տեխնոլոգիան՝ intismeran autogene-ը, Merck-ի Keytruda իմունաթերապիայի դեղամիջոցի հետ։
Այս մոտեցումները միասին 49 տոկոսով նվազեցրել են քաղցկեղի կրկնության կամ մահվան վտանգը մելանոմաունեցող բարձր ռիսկային պացիենտների մոտ, ովքեր ենթարկվել են վիրահատության՝ Keytruda մոնոթերապիայի համեմատ, տեղեկացրել է Euronews-ը։
Moderna-ի ավագ փոխնախագահ Քայլ Հոլենն ասել է. «Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել ուռուցքաբանական հարթակում՝ շնորհիվ այս հուսադրող արդյունքների, որոնք ցույց են տալիս mՌՆԹ-ի ներուժը քաղցկեղի բուժման մեջ»։
mՌՆԹ-ն գործում է՝ մարզելով իմունային բջիջները ճանաչելու քաղցկեղի եզակի մարկերները, մինչդեռ Keytruda-ն արգելափակում է PD-1 սպիտակուցները, որոնք ուռուցքներն օգտագործում են իմունային համակարգից թաքնվելու համար: Սա թույլ է տալիս T-բջիջներին, որոնք կարեւոր դեր են խաղում իմունային պատասխանի մեջ, ավելի արդյունավետ հարձակվել ուռուցքների վրա։
Moderna-ն եւ Merck-ը ներկայում սպասում են III փուլի կլինիկական փորձարկումների արդյունքներին, որը թեստավորման վերջին փուլն է, որպեսզի հաստատեն թերապիայի օգուտներն ավելի մեծ թվով պացիենտների մոտ: Նոր թերապիան թիրախավորում է բարձր ռիսկային մելանոման՝ մաշկի քաղցկեղի ագրեսիվ ձեւ, որը կարող է տարածվել նույնիսկ վիրաբուժական հեռացումից հետո։
Մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձեւը, բնութագրվում է մելանին արտադրող բջիջների անվերահսկելի աճով: Վերջին տասնամյակներում մելանոմայի դեպքերի թիվն աճում է. 2022թ․ ամբողջ աշխարհում ախտորոշվել է ավելի քան 330 հազար նոր դեպք:
Ամեն տարի Եվրամիությունում մոտ 15 700 մարդու մոտ ախտորոշվում է բարձր ռիսկային մելանոմա՝ մելանոմայի բոլոր դեպքերի 15 տոկոսը: Այն սովորաբար հայտնաբերվում է 3-րդ եւ 4-րդ փուլերում:
BioNTech-ը եւ Roche-ը բարձր ռիսկի մելանոմայի դեմ նմանատիպ mՌՆԹ պատվաստանյութեր են մշակում. բոլորն էլ գտնվում են վաղ փուլի կլինիկական փորձարկումների փուլում:
Բացի այդ, Moderna-ն եւ Merck-ը նույն տեխնոլոգիան փորձարկում են թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի եւ երիկամաբջջային քաղցկեղի՝ երիկամների քաղցկեղի ամենատարածված ձեւի հետազոտություններում:






