Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված փորձարարական պատվաստանյութերը լավագույն դեպքում (երբ բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվեն), միայն գալիք տարվա ընթացքում կարող են կիրառման համար հասանելի դառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մահացու տենդի դեմ պայքարի գծով հատուկ պատվիրակ Դավիդ Նաբարրոն է հայտնել:

«Ներկայումս փորձարկումների առաջին փուլն է ընթանում: Պատվաստանյութերից հատկապես երկուսը բավականին խոստումնալից են թվում: Ինձ հավաստիացրել են, որ եթե ամեն ինչ լավ անցնի եւ հետագա հետազոտություններն էլ հաջողությամբ ավարտվեն, պատվաստանյութերի առաջին դեղաչափերը գալիք տարվա ընթացքում հասանելի կդառնան», - ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, տեղեկացրել է պատվիրակը:

Իր հերթին ՄԱԿ-ի՝ Էբոլայի նկատմամբ արտակարգ արձագանքման առաքելության ղեկավար Էնտոնի Բենբերին հայտարարել է, որ ներկայիս դրությամբ գործադրվող միջազգային ջանքերի հիմնական նպատակը դեկտեմբերի 1-ի դրությամբ հեմոռագիկ տենդով ախտորոշված հիվանդների առնվազն 75 տոկոսի համար կարանտինի ապահովումն ու տենդից մահացածների առնվազն 70 տոկոսի պատեհաժամ հուղարկավորումն է հանդիսանում: «Եթե հաջողացնենք դա անել, համաճարակի տարածման տեմպերի նշանակալի կրճատում կարձանագրվի», - հավաստիացրել է նա:

Առաքելության ղեկավարի խոսքով, ՄԱԿ-ի որդեգրած ռազմավարությունն աշխատում է: «Խնդիրը միայն նրանում է, որ հիվանդությունը հասցրել է աշխարհագրորերն լայն տարածում ձեռք բերել: Այնպես որ, համաճարակի հետեւից վազելով հաղթանակի չենք հասնի: Պետք է փորձենք շրջանցել այն», - մեկնաբանել է Էնտոնի Բենբերին՝ հավելելով, որ դրան միայն Արեւմտյան Աֆրիկայի տարբեր հատվածներում Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության բուժմանը միտված նոր կենտրոնների բացման հաշվին ներկայության ավելացմամբ, ինչպես նաեւ մահացածների անվտանգ հուղարկավորումը կազմակերպելու նպատակով առավել մեծ թվով մասնագիտացված խմբերի ստեղծմամբ կարելի է հասնել: «Բացի այդ, հարկավոր է ավելի շարժունակ լինել: Մենք պետք է վիրուսի տարածման տեմպերից արագ արձագանքելու կարողություն դրսեւորենք», - նշել է առաքելության ղեկավարը: