Չինաստանի Հանչժոու քաղաքի Westlake համալսարանի գիտնականները հայտնաբերել են «գերհակամարմին», որը կարող է արդյունավետորեն չեզոքացնել Dabie bandavirus վիրուսը, որն առաջացնում է վտանգավոր հիվանդություն՝ սուր տենդ՝ թրոմբոցիտոպենիկ համախտանիշով (SFTS), գրում է South China Morning Post պարբերականը:

Թրոմբոցիտոպենիկ համախտանիշով տենդը նոր հիվանդություն է՝ մինչև 30% մահացության մակարդակով։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2009 թվականին Չինաստանի Հուբեյ և Հենան նահանգներում: Վարակման հիմնական ուղին տիզերի խայթոցն է, սակայն վիրուսը կարող է փոխանցվել նաև մարդկանց շփման միջոցով։

Ներկայում թրոմբոցիտոպենիկ համախտանիշով (SFTS) տենդի դեմ արդյունավետ հակավիրուսային բուժում կամ պատվաստանյութ չկա: Սակայն Ուեսթլեյքի համալսարանի գիտնականները համոզված են, որ իրենց հայտնաբերած սպիտակուցը որպես հիվանդության բուժման հակամարմին վիթխարի ներուժով է օժտված: Դա կարող է լինել «մարդու հակամարմինների առաջին թերապևտիկ միջոցը [համախտանիշի] դեմ և ավելի քիչ կարժենա, քան բուժումը թանկարժեք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ըստ պարբերականի՝ նշում են գիտնականները:

Հետազոտողներն արյան նմուշներ են հավաքել ապաքինված բուժառուներից և սքրինինգից հետո բարձր արդյունավետ հակամարմին են հայտնաբերել, որը նրանք անվանել են ZS1C5: Մկների վրա կատարած փորձերի ժամանակ ZS1C5-ի մեկ չափաքանակը հանգեցրել է 100 տոկոսանոց գոյատևման նույնիսկ մահացու չափաբքանակից 10 անգամ գերազանցող վիրուսային դեղաչափի ենթարկվելուց հետո: Գիտնականները մտադիր են հետագայում վտանգավոր հիվանդության դեմ պատվաստանյութ մշակել։