Անցնող տարին պատմական և բեկումնային էր երկրի առողջապահական համակարգի համար։ Այս կարծիքին է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ելույթ ունենալով 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նա նշել է, որ գլխավոր ձեռքբերումը 2025 թվականի դեկտեմբերին համընդհանուր (պարտադիր) բժշկական ապահովագրության ներդրման վերաբերյալ ծավալուն օրենսդրական փաթեթի ընդունումն է եղել:

2026 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է նոր համակարգը: Ավանեսյանի խոսքով՝ արդեն մեկուկես ամիս է, ինչ համակարգը հաջողությամբ գործում է և «ծառայում է մեր քաղաքացիների առողջության պահպանմանն ու կյանքերի փրկությանը»:

Նրա փոխանցմամբ՝ ապագայում համընդհանուր ապահովագրությունը պետք է ընդգրկի Հայաստանի ողջ բնակչությունը: Առայժմ, առաջին փուլում, համակարգում ներառվել է շուրջ 1,6 միլիոն մարդ՝ առաջնահերթությունը տալով մինչև 18 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով քաղաքացիներին: Ակնկալվում է, որ հաջորդ տարիներին (մինչև 2028 թվականը) ընդգրկվածությունը փուլ առ փուլ կընդլայնվի՝ դառնալով համընդհանուր:

Ինչպես նշել է Ավանեսյանը, 2025 թվականին զգալիորեն աճել է նաև բժշկական ծառայությունների պետական պատվերի ծավալը, ինչին զուգահեռ ընդլայնվել են պետպատվերի միջոցով ֆինանսավորման հնարավորությունները: Սա ամուր հիմք է ստեղծել ապահովագրական մոդելին անցում կատարելու համար:

Ներդաշնակ համակեցություն մասնավոր հատվածի հետ

Ինչպե՞ս է համընդհանուր պարտադիր ապահովագրության ներդրումն ազդել մասնավոր ապահովագրական ընկերությունների աշխատանքի վրա։ Ըստ Ավանեսյանի՝ բացասական ազդեցություն չի եղել. մի քանի օր առաջ հուշագիր է ստորագրվել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ այն հարցին, թե արդյոք պարտադիր ապահովագրության գործարկումից հետո նվազել է նրանց հաճախորդների թիվը, ապահովագրողները բացասական են պատասխանել։

Ավանեսյանի խոսքով՝ շատ գործատուներ ցանկանում են իրենց աշխատակիցների համար գնել ավելի ընդլայնված ապահովագրական փաթեթներ, որոնք ներառում են լրացուցիչ ծառայություններ, ուստի մասնավոր ապահովագրողների աշխատանքը չի պակասել։

Ավանեսյանը համոզված է, որ համընդհանուր համակարգի գործարկումից հետո այդ մշակույթն միայն կխորանա. գործատուներն ավելի հաճախ են ընդլայնված կամավոր ապահովագրությունը դիտարկելու որպես սոցիալական պատասխանատվության և աշխատակիցների մասին հոգատարության կարևոր տարր։

Ռիսկերի կառավարման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ պացիենտներից երբեմն օրեր են պահանջվում անհրաժեշտ մասնագետի մոտ հայտնվելու համար, նախարարն ընդգծել է, որ համակարգում ռիսկերը կառավարելի են, իսկ քաղաքացիների դիմելիությունն աճում է: Նա հավաստիացրել է, որ ծրագիրը սահուն կերպով շարունակվում է՝ մոնիթորինգի և շտկումների համար բավարար գործիքակազմով:

«Ուզում եմ հստակ արձանագրել՝ 2025 թվականին պետպատվերի շրջանակներում բոլոր նրանք, ովքեր ունեին բժշկական օգնության կարիք, ստացել են այն։ Որոշ ծառայությունների համար նրանք հնարավոր է, որ սպասել են մեկ ամիս», — նշել է Ավանեսյանը:

Նրա կարծիքով՝ ապահովագրության շրջանակներում ծառայությունը 3 օրում ստանալը գերազանց ցուցանիշ է, հատկապես եվրոպական երկրների համեմատությամբ, որտեղ մասնագետի մոտ սպասման ժամանակը կարող է ավելի երկար լինել:

Ապահովագրական համակարգում հնարավոր հերթերի մասին հարցին նախարարն ասել է, որ այո՛, որոշ ծառայություններ կարող են ենթադրել հերթագրում, սակայն առաջին ամսվա արդյունքները լավատեսություն են ներշնչում հավելել է, որ սպասումը երկար չի լինի:

«Համակարգը և ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավարար գործիքներ այդ հերթագրումները ճիշտ ֆիքսելու և միջոցներ ձեռնարկելու համար, և կարծում եմ՝ մենք այդպես էլ կշարունակենք», — ասել է նախարարը:

Կանխարգելումը և զննումները գերակա են

Նախարարն առանձնահատուկ կանգ է առել կանխարգելիչ ուղղության վրա։ Համընդհանուր ապահովագրություն ունեցող քաղաքացիները կկարողանան կանոնավոր check-up (կանխարգելիչ հետազոտություններ) անցնել։ Հեռանկարում նման ստուգումները կարող են պարտադիր դառնալ։

Նրա խոսքով՝ այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի նման հետազոտություններ անցնելը լինի ավելի պարզ և հարմար։ Այդ նպատակով «Armed» համակարգում նախատեսվում է ներդնել հարցաշար. պացիենտը պատասխանում է հարցերին, համակարգը գնահատում է ռիսկերը և դրա հիման վրա նշանակվում են ավելի սպեցիֆիկ ու թիրախային հետազոտություններ։

Բացի կանխարգելիչ հետազոտություններից, երկրում իրականացվում են և կընդլայնվեն զննման ծրագրերը, որոնք թույլ են տալիս վաղ փուլերում հայտնաբերել տարբեր հիվանդություններ (ուռուցքաբանական, սիրտ-անոթային հիվանդություններ, դիաբետ և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդություններ)։ Սա համարվում է մահացության մակարդակի և երկարաժամկետ հեռանկարում համակարգի ծանրաբեռնվածության նվազեցման հիմնական միջոցներից մեկը։