Պատմության հերոսուհուն բժիշկներն ավելի քան տասը տարի խորհուրդ էին տալիս նիհարել եւ բոլորովին վերջերս են հասկացել, որ նրա ոտքերը խիստ հազվադեպ բնույթ կրող հիվանդության հետեւանքով են ուռչում:
Քլեր Թիքլը, ով արդեն 38 տարեկան է, առաջին անգամ 16 տարեկանում է թերապեւտի օգնությանը դիմել: Հետագա յոթ տարիների ընթացքում էլ նա պարբերաբար բուժհաստատությունների դռներն է թակել՝ ամեն անգամ նույն պատասխանը ստանալով՝ թե իբր առկա խնդիրները հավելյալ քաշի հետ են կապված:
Սակայն դիետայի սահմանափակման արդյունքում կինը համոզվել էր, որ բժիշկները սխալվում են, քանի որ, ի տարբերություն մարմնի այլ հատվածների ծավալի նկատելի կրճատման, ոտքերը նույն չափերի էին մնացել:
Ավելի ուշ՝ արդեն 32 տարեկան հասակում, միանգամայն պատահականորեն, Քլերի մոտ ոտքերի, կոնքերի, հետույքի եւ ձեռքերի ծավալի ավելացման հանգեցնող հիվանդություն՝ լիպոդեմիա էր ախտորոշվել: Ինչպես կարճ ժամանակ անց պիտի պարզվեր, այն բավականին հավադեպ բնույթ ունի եւ կանանց շուրջ 11 տոկոսի մոտ կարող է ախտորոշվել:
Լիպոդեմիայով հիվանդների մոտ՝ ախտահարված հատվածներում ճարպային բջիջների ավելցուկ եւ հեղուկների կուտակումներ են ի հայտ գալիս: Որպես կանոն, այդ հատվածները շոշափելիս առավել փափուկ են թվում եւ բարձր զգայունությամբ աչքի ընկնում:
Գիտնականները պարզել են, որ հիվանդությունը ժառանգական բնույթ ունի, բայց թե ինչից է ի սկզբանե առաջանում՝ դեռեւս անհայտ է: Բժիշկների դիտարկմամբ, այն հորմոնների ազդեցությամբ է ակտիվացվում, քանի որ առավել հաճախ սեռահասունացման եւ հղիության ընթացքում է ի հայտ գալիս:
Անբուժելի համարվող հիվանդության պատճառով Քլերի ոտքերը 63 կգ քաշ են ձեռք բերել, ինչն անդադար ցավի աղբյուր է դարձել՝ կնոջ համար: Նա այլեւս նորմալ տեղաշարժվելու եւ 6-ամյա որդու հետ խաղալու հնարավորությունից է զրկված:
Կնոջ միակ հույսը լիպոսակցիայի նոր՝ դեռեւս փորձարկումների փուլ անցնող տեսակն է: Մինչ այժմ լիպոդեմիան մերսումների եւ կոմպրեսիոն կիսազուգագուլպաների միջոցով էին բուժում, սակայն նոր մեթոդը, բրիտանական Mail Online ինտերնետ-պարբերականի դիտարկմամբ, կարող է հիվանդության դեմ պայքարի պատմության մեջ ամենամեծ «քայլ առաջը» գրանցել:






