Երեւանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցներ օգտագործող 2443 անձ է հաշվառված: Այս մասին լրագրողներին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանն է հայտնել:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թմրամոլների թիվը 4922 է, կա նաեւ հոգեմետ դեղամիջոցներից կախման մեջ գտնվող 100 հոգի: Քանի որ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հնարավոր է նաեւ անանուն բուժվել, շատերը նախընտրում են հենց այդ տարբերակը, այդ իսկ պատճառով, թմրամիջոցներից կախման մեջ գտնվող մարդկանց իրական թիվը հայտնի չէ, բայց, ըստ տարբեր հաշվարկների, այն մոտ 6 անգամ գերազանցում է հաշվառվածների թիվը:
Հաշվառված 2443 անձանցից 10-ը կանայք են, հիմնականում՝ երիտասարդ: Ասյա Գրիգորյանի խոսքով՝ տարիներ առաջ Հայաստանում ոչ մի կին թմրամոլ չկար, սակայն այսօր թմրամոլների առնվազն 1.2 տոկոսը կանայք են: Ինչ վերաբերվում է դեռահասներին, կենտրոնում 18 տարեկանը չլրացած 3 դեռահաս կա՝ 1 աղջիկ եւ 2 տղա:
Թմրամոլների թիվը, Ասյա Գրիգորյանի խոսքով, տարեցտարի աճում է մոտ 30-40 տոկոսով: Այս աճը, մասնագետի կարծիքով, կապված է միգրացիայի հետ. թմրամիջոցներից շատերը Հայաստան են բերվում Ռուսաստանից եւ սփյուռքից՝ մասնավորապես, Ֆրանսիայից է հիմնականում գալիս թմրամիջոցներից մեկը: Վերջին երկու տարիներին երկրում նույնիսկ հայտնվել են թմրամիջոցներ, որոնք նախկինում չկային՝ օրինակ, իր մահաբեր ազդեցությամբ հայտնի սփայսը:
Ասյա Գրիգորյանը նշել է նաեւ, 800-ից ավելի մարդ իրավապահ մարմինների կողմից Նարկոլոգիական հանրապետական կենտրոն է բերվել՝ տոքսիկոքիմիական հետազոտության: 580-ի օրգանիզմում թմրանյութեր են հայտնաբերվել:






