«Արդեն կարծում եմ մեր կայքում կա այդ դիմումի ձևը, պիտի լրացնեն և եռօրյա ժամկետում կնստի իրենց քարտին»։ Այսօր, փետրվարի 11-ին, այսպես պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն NEWS.am Medicine-ի այն հարցին, թե առողջության ապահովագրության շրջանակում կրկնակի հարկվող քաղաքացիները երբ կկարողանան ետ ստանալ իրենց գումարները, և ինչու հնարավոր չէր այս հարցը հենց սկզբից լուծել ՊԵԿ-ի հետ միասին։
«Երկու կամ մի քանի աշխատավարձից, այո, պահումներ իրականացվում են, հետո հետ է վերադարձվում, հաշվարկ է իրականացվում և հետ է նստելու իրենց քարտին։ Մեկ անգամ դիմում կգրեն։ Եվ արդեն, կարծեմ մեր կայքում կա այդ դիմումի ձևը։ Պիտի լրացնեն և եռօրյա ժամկետում կնստի իրենց քարտին», - ասաց նախարարը։
Նա պարզաբանեց, որ այս դեպքում կիրառվել է նույն մեխանիմզը, որը գործել է «Զինապահ» հիմնադրամին վճարումների մասով, և այստեղ աշխատանքի ձևի որևէ փոփոխություն չի եղել։
«Արդյո՞ք հնարավոր է, որ հետագայում բոլոր այս վճարումներով, որոնք որ ենթակա են մի քանի տեղից պահման, հետվերադարձը փոխվի։ Այո, իհարկե, մենք աշխատում ենք, որ թվայնացման մեր գործիքները ավելի լավանան և առաջիկայում, մյուս տարվանից վստահ եմ, որ այդ հնարավորությունները կստեղծվեն, որ համակարգը ինքնաշխատ ձևով այս բոլոր ճշգրտումները կիրականացնի և կարիք չենք ունենա պահել, հետո հետ վերադարձնել», - ասաց նա։






