Օրեր առաջ Քիմ Քարդաշյան-Ուեսթի բաց հետույքով լուսանկարը Paper պարբերականի շապիկին էր հայտնվել, ինչը ողջ աշխարհին ստիպեց մի ակնթարթ դադար առնել: Ոչ ոքի այլեւս ոչինչ չէր հետաքրքում՝ Քարդաշյանի փարթամ հետույքից բացի: Ու չնայած լուսանկարին չհաջողվեց, ինչպես գլխագրերն էին խոստանում, «համացանցը պայթեցնել», հանրային հսկայածավալ ուշադրությունը կարելի է ապահովված համարել: Այդուհանդերձ, որքան էլ որ համաշխարհային պոռնոաստղի հետույքը, մեղմ ասած, տպավորիչ ուրվագծեր ունենա, անհասկանալի է մնում հանգամանքը, թե ինչպես է մեծ չափերի կանացի նստատեղին հաջողվում ցավագարության հասնող ուշադրություն գրավել:

Էվոլյուցիոն տեսությանը կողմնակից գիտնականները գտնում են, որ տղամարդու՝ կնոջ մեծ հետույքով զմայլման պատճառը կանացի «իրան-ազդր» հարաբերակցությանն առնչվող բնազդային նախընտրություններն են: Այսինքն, որքան փոքր է իրանը՝ ազդրի հետ համեմատությամբ, այնքան կինը ցանկալի է դառնում՝ տղամարդու աչքին: Այդ ցանկությունը նաեւ կենսաբանական արմատներ ունի, քանի որ, ինչպես հետազոտությամբ է ապացուցվել, փոքր իրան եւ լայն ազդրեր ունեցող կանայք բարձր պտղաբերությամբ են աչքի ընկնում: Խոսքը 2004թ.-ին Լեհաստանում իրականացված ուսումնասիրության մասին է, որի 119՝ մարմնի տարբեր կազմվածք ունեցող մասնակիցները թքի հետազոտություն են անցել դաշտանային ցիկլի ողջ ընթացքում՝ հորմոնային ֆոնի իրենց առանձնահատկությունները բացահայտելու համար, հաղորդում է Medical Daily-ն:
«Արեւմտյան հասարակության մշակութային ընկալմամբ՝ Բարբիի կանացի գեղեցկությունը կենսաբանական հիմքեր ունի», - մեկնաբանել է վերը հիշատակված հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Գրազինա Յասիենկան, ում գլխավորությամբ գործող գիտնականները վկայություն են ձեռք բերել առ այն, որ փոքր իրան եւ մեծ ազդրեր ունեցող կանայք հղիության համար անհրաժեշտ հորմոնների բարձր մակարդակով են աչքի ընկնում:
Մեկ այլ՝ 2008թ.-ին իրականացված հետազոտությամբ էլ պարզվել է, որ, բացի պտղաբերությունից, փարթամ ազդրերը նաեւ ինտելեկտի մասին են վկայում: Մասնավորապես, որքան մեծ է իրանի եւ դրանց չափերի միջեւ տարբերությունը, այնքան կնոջ եւ նրա ժառանգների մոտ ինտելեկտի բարձր մակարդակ է նկատվում: Այլ կերպ ասած՝ մեծ հետույքով եւ փոքր իրանով կանայք թե իրենք են ավելի խելացի, եւ թե առավել խելացի երեխաներ են լույս աշխարհ բերում: Գիտնականների մեկնաբանմամբ, երեւույթի պատճառն այն է, որ մեծ կոնքերն ու ազդրերը օմեգա-3 ճարպաթթուների առավել մեծ պաշար կարող են պարունակել, ինչը էական նշանակություն ունի՝ հղիության ընթացքում պտղի ուղեղի զարգացման համար:
Բացի այդ, լայն կոնքերը նաեւ ծննդաբերության ընթացքի տեսանկյունից են օգտակար: American Scientist ամսագրում հրապարակված տեղեկության համաձայն, 1000 կանանցից մեկի մոտ, նեղ կոնքերի պատճառով, բնական ճանապարհով ծննդաբերելու անկարողություն եւ կեսարյան հատման անհրաժեշտություն է նկատվում:
Եվ, ի վերջո, վկայություններ կան նաեւ այն մասին, որ մեծ իրան-ազդր հարաբերակցությամբ աչքի ընկնող կանայք ավելի երկար են ապրում, ինչը եւս գիտական բացատրություն ունի, քանի որ իրանի հատվածում կուտակվող ճարպերը, ի տարբերություն կոնքերի եւ հետույքի, կարող են շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման հանգեցնել:
Սակայն, որքանով էլ որ հետույքի մեծ չափերի եւ պտղաբերության միջեւ կապի առկայությունը ապացուցված է համարվում, ոչ բոլոր հասարակություններում կարելի է առաջինի նկատմամբ նախընտրություններ գտնել: Բանն այն է, որ իրանի հատվածում ճարպերի կուտակման համար անդրոգեն անվամբ հայտնի հորմոններն են պատասխանատու, որոնք միաժամանակ նաեւ ուժի, տոկունության եւ մրցունակության հետ են ասոցացվում: Եւ ահա, ինչպես 2008թ.-ին իրականացված հետազոտությամբ է պարզվել, աղքատ երկրներում, որտեղ սննդի պակաս եւ կանացի ֆիզիկական աշխատանքի կարիք է զգացվում, տղամարդիկ, պտղաբերության փոխարեն, ուժին են նախընտրություն տալիս: Գիտահետազոտական խմբի ղեկավար Էլիզաբեթ Քեշդոնի դիտարկմամբ, փոքր իրանի եւ մեծ ազդրերի նկատմամբ շեշտադրումը նաեւ առավելապես այն երկրներում է նկատելի, որտեղ կանայք տնտեսապես կախյալ կարգավիճակ ունեն:
Ֆլորիդայի միջազգային համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ դոկտոր Դիոն Սթիվենսի ներկայացմամբ, մեծ հետույքի նկատմամբ նախընտրությունն ի սկզբանե լատինոամերիկացիներին եւ աֆրիկյան ծագմամբ ամերիկացիներին է հատուկ եղել, իսկ այնուհետեւ էլ՝ փոփ մշակույքի շնորհիվ առավել լայն տարածում գտել:
Հետույքի չափերի մեծացման նպատակով իրականացվող վիրահատությունները վաղուց արդեն սովորական երեւույթ են դարձել Միացյալ Նահանգների համար: Ընդ որում, միայն 2013-2014թթ.-ն ընկած ժամանակահատվածում դրանց թվի՝ 58 տոկոսի չափով աճ է արձանագրվել:
Այդուհանդերձ, մեծ հետույքի նկատմամբ բարձր պահանջարկը եւս իր գինն ունի, քանի որ վիրահատությունը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել: Եզակի դեպքերում այն նաեւ մահվան պատճառ է դարձել:






