Բուժաշխատողների բողոքից հետո առողջապահության նախարարությունը որոշել է մի քանի տոկոսով բարձրացնել ապահովագրության շրջանակում բուժաշխատողներին ուղղվող աշխատավարձը։ Ուրբաթ երեկոյան նախարար Ավանեսյանը ֆեյսբուքում ռիլ է հրապարակել, որտեղ, իր իսկ մեկնաբանությամբ, թարմանալու համար, կտրում է վարդերի պոչերն ու տեղադրում ծաղկամանի մեջ։ Հետն էլ հայտնում «բարի լուրը»՝ վարձատրության կարգը արդեն հաստատվել և ուղարկվել է բուժկենտրոններին։
Նախարարը նշել է, որ կարգը հաստատում է վարձատրության նվազագույն չափը, և դրանից ավել վճարելու համար տնօրենները այլևս չունեն վերադասի, այսինքն՝ նախարարության հետ դա հաստատելու պարտավորություն։
Նա մի քանի օրինակ է բերել, թե ինչպես է փոխվել աշխատավարձը․ նախագծում վիրաբուժական ծառայությունների մասով նախատեսվում էր նվազագույնը 30 տոկոսի չափով վարձատրություն, իսկ հաստատված կարգով՝ 35 տոկոս։ Անեսթեզիոլոգիական ծառայության համար շեմը 5 տոկոսից դարձել է 8 տոկոս։ Ծննդօգնության գումարը 30-ից դարձել է 35 տոկոս։
«Բայց նորից պետք է շեշտադրեմ, որ սա նվազագույն չափաքանակներն են, իսկ գործատուն՝ բուժհաստատության տնօրինությունը ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրով կամ երբեմն քաղիրավական պայմանագրերով ազատ է սահմանելու սրանից վերև, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ձեր աշխատավարձը», - ասել է նախարարը։
Մեկնաբանություններում օգտատեր Օնիկ Ֆահրադյանը նշել է․ «Արդեն գրեթե 10 տարի աշխատում եմ առողջապահական համակարգում որպես բժիշկ։ Երբեք ոչ մի դեպքում, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ոչ մի կլինիկայում նվազագույն շեմից բարձր չեն վարձատրել»։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, գրել է․ «Հայաստանի Հանրապետության բժիշկները փրկվեցին։
Ապահովագրության շրջանակներում բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացան մի ամբողջ 5 տոկոսով, իսկ անեսթեզիոլոգները ուղղակի բախտավոր աստղի տակ են ծնվել՝ 5 տոկոսի փոխարեն ստանալով 8 տոկոս։
Օրինակ՝ դաստակի կամ ոտնաթաթի մեկ ոսկրի (բացի վեգոսկրից և կրունկոսկրից) պարզ, չբարդացած կոտրվածքի վիրահատության համար եթե նախկինում վիրաբույժը ստանում էր 11 550 դրամ, ապա այժմ կստանա 13 475 դրամ (+1 925 դրամ)։ Անեսթեզիոլոգը՝ նախկին 3 850 դրամի փոխարեն կստանա 6 160 դրամ (+2 310 դրամ)։
Իրական հաղթանակ։
Պատմական աճ։
Սիրելի բժիշկներ, այս պայմաններից բողոքելը…մեղք է։
Հ․Գ․ Չզարմանաք, որ ,«8 տոկոսանոց բոնուսներով»
երկրում այլևս 8 մասնագետ էլ չի մնա», - գրել է նա։






