Այսօր բավականին տարածված է այն կարծիքը, թե թմրամիջոցներից կախում ձեռք բերելու համար դրանք պետք է երկար ժամանակ օգտագործել: Համոզմունք կա նաեւ, որ կախվածությունից ազատվել հնարավոր չէ՝ «նախկին թմրամոլներ չեն լինում»: Թեմայի շուրջ լրագրողների հետ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը է զրուցել:

Ե՞րբ եւ ինչպե՞ս է կախվածություն առաջանում

Սկզբում մարդիկ հետաքրքրությունից դրդված են թմրամիջոցներ օգտագործում, բայց կարճ ժամանակ անց նրանց մոտ կախվածություն է առաջանում: Հոգեկան կախվածությունը, մասնագետի խոսքով, առաջին իսկ գործածումից է առաջանում, երբ մարդուն դուր է գալիս թմրամիջոցի օգտագործմանը հաջորդող վիճակը, եւ նրա մոտ սկսում է զգացումները վերապրելու ցանկություն առաջանալ:

Ֆիզիկական կախվածության պարագայում ամեն ինչ անհատական է, բայց սովորաբար ծանր թմրամիջոցները 1-2 օգտագործումից արդեն կախվածություն են առաջացնում. օրինակ, ներերակային թմրամիջոցներից կախվածությունը ընդամենը 2 օգտագործումից հետո է առաջանում:

Նույնիսկ մարիխուանան կարող է բավականին արագ կախվածություն առաջացնել, եթե մարդու մոտ նախատրամադրվածություն՝ հոգեկան կամ նարկոլոգիական հիվանդություններով բարդացված ժառանգականություն է առկա:

Իսկ հնարավո՞ր է բուժել

Թմրամոլությունը բուժելի է, եթե մարդն իրոք ցանկանում է բուժվել, պնդում է Ասյա Գրիգորյանը: Անձը պետք է գիտակցի, որ դա հիվանդություն է եւ ցանկանա բուժվել:

Հայաստանում բուժման երկու տեսակ է կիրառվում՝ դեզինտոքսիկացիա եւ փոխարինողական թերապիա: Դեզինտոքսիկացիայի պարագայում օրգանիզմից թույների հեռացում է իրականացվում, իսկ փոխարինողական թերապիայի ժամանակ հիվանդները թմրադեղեր են ստանում՝ բժիշկի նշանակմամբ: Ասյա Գրիգորյանի խոսքով, 2009 թվականից Հայաստանում մեթադոնային բուժում է կիրառվում, որի շնորհիվ մարդիկ զերծ են մնում ապօրինի թմրամիջոցներից, մանավանդ՝ ներերակային ներարկումներից, որոնց ժամանակ կարելի է մի շարք վարակներ ձեռք բերել:

Հնարավոր չէ ասել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ բուժվելու համար. թերեւս մոտ վեց ամսում հնարավոր է: Մասնագետը պատմել է նաեւ, որ իրենց կլինիկայում վերջին հինգ տարիների ընթացքում 30 հիվանդներ, մեթադոնի դեղաչափը աստիճանաբար նվազեցնելով, բոլորովին ազատվել են կախվածությունից:

Հիշեցնենք, որ թմրամոլության բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է: