Շատերը կարծում են, որ թմրամոլությունն ընդամենը վատ սովորություն է եւ իր մեջ ոչ մի վտանգ չի պարունակում: Այս կարծիքն իրականությանը չի համապատասխանում: Իսկ թե ինչու՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանն է պատմել:

Ցանկացած թմրամիջոց օգտագործելիս օրգանիզմում լուրջ խնդիրներ են առաջանում, այնպես որ դա ընդամենը վատ սովորություն չէ, պնդում է մասնագետը:

Ներերակային թմրանյութեր

Ներերակային թմրամոլության դեպքում մեծանում է տարբեր ինֆեկցիաներով վարակվելու հավականանությունը. ասեղի միջոցով կարելի է հեպատիտ Ց-ով, ՄԻԱՎ-ով եւ բազմաթիվ այլ ինֆեկցիաներով վարակվել: Ավելին՝ հիշյալ հիվանդություններով ախտորոշված մարդկանց մեծ մասը հենց այդ ճանապարհով են վարակվել:

Դեզոմորֆին

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել դեզոմորֆինը, որն իրականում ամենավտանգավոր թմրանյութերից մեկն է. այն չափազանց կարճ ժամանակամիջոցում անոթային եւ ոսկրային հիվանդություններ, ինչպես նաեւ փթախտ կարող է առաջացնել, որոնց պատճառով հիվանդների վերջույթներն անդամահատվում են, իսկ ծնոտը՝ քայքայվում: Մասնագետի հավաստիացմամբ, տեսարանն ուղղակի սարսռազդու է:

Սփայս

Սփայսը, որ վերջին երկու տարիների ընթացքում նույնպես լայն տարածում է գտել Հայաստանում, այսօրվա դրությամբ ողջ աշխարհում ամենամահաբեր թմրամիջոցներից մեկն է համարվում: Այն սոմատիկ փոփոխություններ հրահրելու հատկություն ունի եւ կարող է օգտագործումից անմիջապես հետո՝ միանգամից սպանել մարդուն: Եթե նույնիսկ այդպես չի լինում, օգտագործողի մոտ պսիխոտիկ խանգարումներ, հալյուցինացիաներ եւ սուիցիդալ մտքեր կարող են առաջանալ: Մարդն ասես հոգեկան հիվանդ է դառնում եւ, հալյուցինացիաների ազդեցությամբ, ամեն ինչի է պատրաստ. կարող է հեշտությամբ սպանել ինքն իրեն կամ շրջապատող մարդկանց:

«Սա աշխարհի ամենամահաբեր թմրամիջոցն է համարվում», - նշել է մասնագետը, ավելացնելով, որ բազմաթիվ երկրներում այն արգելված է: