2025 թվականին Հայաստանում գրանցվել է մարդու կատաղության կլինիկորեն հաստատված երկու դեպք։ Երկու դեպքն էլ եղել են Արմավիրի մարզում։

Դրա մասին հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան։

Կենտրոնի տվյալներով՝ 2015-2024 թվականներին ևս Հայաստանում գրանցվել է մարդկանց կատաղության կլինիկորեն հաստատված երկու դեպք։ Երկու դեպքում էլ վարակի կրողները եղել են թափառող կենդանիները։ 2015-2025 թվականներին Հայաստանում կատաղությունից մահացել է չորս մարդ։

Միևնույն ժամանակ, կենտրոնը չի ստացել տեղեկատվություն հարևան երկրներում կատաղության իրավիճակի և չվող կենդանիների միջոցով հիվանդության հնարավոր փոխանցման մասին։

2016-2025 թվականներին Հայաստանում գրանցվել է փայտացման հինգ դեպք (չպատվաստված անձանց շրջանում)։ Մեծահասակները պատվաստվում են յուրաքանչյուր 10 տարին մեկ՝ կառավարության հրամանով, ինչպես նաև համաճարակաբանական ուղեցույցներով նշված դեպքերում: Տետանուսի կանխարգելումը կարևոր է ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային վայրերում՝ հաշվի առնելով վնասվածքի և վերքերի վարակման բարձր ռիսկը։

Կատաղությունը մահացու վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է ընտանի և վայրի կենդանիներից՝ խայթոցի կամ բերանի, քթի, աչքերի լորձաթաղանթների մեջ թուք ընկնելու, կամ էլ՝ վնասված մաշկի հետ շփման միջոցով։

Տետանուսը նյարդային համակարգի սուր վարակիչ հիվանդություն է: Հիվանդությունը զարգանում է, երբ Clostridium tetani բակտերիան մտնում է վերքի, կտրվածքի կամ քերծվածքի մեջ: