Որո՞նք են թմրալմոլության առաջին նշանները: Ինչպե՞ս ճանաչել թմրամոլին: Ինչպե՞ս հասկանալ, որ շրջապատում ինչ-որ մեկը սկսել է թմրամիջոցներ օգտագործել: Հարցերի պատասխանը Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանն է տվել:

Նախեւառաջ, մասնագետի խոսքով, թմրամիջոց օգտագործող մարդու վարքը միանգամից փոխվում է, որոշակի վարքային խանգարումներ են առաջանում:

Կանաբինոիդային թմրանյութեր օգտագործելուց հետո մարդիկ քնկոտություն են ձեռք բերում՝ ժամերով քնում են, անտարբեր դառնում ամեն ինչի նկատմամբ: Նրանց աչքերը կարմրում են, սրտխփոց է առաջանում, ճնշումը բարձրանում է: Բացի այդ, նման մարդկանց ախորժակը «բացվում է»՝ սկսում են անհամեմատ շատ ուտել, քան նախկինում: Կանաբինոիդներ օգտագործող մարդիկ նաեւ սկսում են քաղցրեղենի ձգտել:

Ներերակային թմրամիջոցներ օգտագործողների ձեռքերին հնարավոր է ներարկումների հետքերը նկատել: Բացի այդ, նրանց բիբերը, որպես կանոն, նեղացված են լինում:

Բոլոր այս ախտանիշները կարող են վկայել այն մասին, որ մարդը սկսել է թմրամիջոցներ օգտագործել եւ, ամենայն հավանականությամբ, օգնության կարիք ունի:

Թմրամիջոցներից կախման մեջ հայտնված մարդկանց մոտ հաճախ նաեւ ագրեսիա է առաջանում, եթե չեն կարողանում թմրամիջոց ձեռք բերել. մասնագետի հավաստմամբ՝ նրանք ագրեսիվ են դառնում, պատրաստ՝ ցանկացած հանցանքի՝ «դոզան» ձեռք բերելու համար: