Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն-տաքսիի վարորդների առաջարկը՝ նրանց համապարփակ բժշկական ապահովագրության համակարգում ներառելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինձ համար շատ ուրախալի է, որ տաքսու վարորդները, տեսնելով ապահովագրության ոլորտի այն կարևոր ձեռքբերումը, որն այժմ ունեն մեր մյուս քաղաքացիները, որոշել են հայտ ներկայացնել ապահովագրական համակարգում ներառվելու համար։ Առաջիկայում մենք կքննարկենք այդ հարցերը և ի վերջո կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ունենք մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նրանց դիմումները դիտարկելու համար», - ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք, օրենքի համաձայն, ապահովագրական համակարգում պետք է ներառվեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Ավելի վաղ առցանց տաքսիների վարորդները Երևանում բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենցից գանձվող բարձր սակագների դեմ։ Վարորդները, մասնավորապես, պահանջել են նվազեցնել յուրաքանչյուր պատվերից պահվող տոկոսադրույքը, ինչպես նաև գրանցել իրենց որպես օրինական աշխատողներ, որպեսզի կարողանան օգտվել համապարփակ բժշկական ապահովագրության բոլոր ծառայություններից ու բարիքներից։






