Բրազիլիայում ՄԻԱՎ-ի՝ եղունգների հարդարման պարագայի միջոցով՝ հազվադեպ բնույթ կրող վարակման դեպք է գրանցվել: 22-ամյա կինը մահացու վտանգավոր հիվանդությունն, ըստ ամենայնի, հորեղբոր աղջկանից է ձեռք բերել. երկուսի կողմից էլ պարագայի օգտագործման փաստը չի հերքվում, հաղորդում է FoxNews-ը:

AIDS Research and Human Retroviruses ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, կինը պատահաբար՝ արյուն հանձնելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքում է վարակման մասին տեղեկացել: Ճիշտ է՝ այդ ընթացքում առողջական վիճակը դեռ նորմալ էր, սակայն արյան մեջ վարակն արդեն չափազանց բարձր մակարդակի էր հասել, ինչն ինֆեկցիայի երկարաժամկետ տեւողության մասին էր վկայում:  

Բրազիլուհին հերքել էր հիվանդության փոխանցման բոլոր եղանակների, մասնավորապես՝ սեռական ակտի միջոցով վարակման հավանականությունը: Ավելին՝ այնուհետեւ էլ նրա մայրն էր հետազոտվել՝ բացասական պատասխանով: Միայն թե հարցուփորձի արդյունքում պարզվել էր, որ պատմության հերոսուհին 10 տարի առաջ հորեղբոր աղջկա հետ եղունգների հարդարման նույն պարագայից է օգտվել, իսկ որոշ ժամանակ անց էլ ազգականուհու՝ ՄԻԱՎ-ով վարակման փաստն է բացահայտվել:

Այնուհետեւ երկու կանանցից վերցված նմուշների հետազոտությամբ նրանց օրգանիզմում առկա վիրուսի գենետիկ նյութի նմանությունն է հաստատել, ինչն առավել հավանական է դարձնում վարկածն առ այն, որ հիվանդությունը եղունգների խնամքի համար նախատեսված պարագայի միջոցով է փոխանցվել:

Հատկանշական է, եղունգների հարդարման պարագաները հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կողմից ընդունված՝ ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող մեխանիզմների ցանկում չեն ներառվել:

«ՄԻԱՎ-ը, որպես կանոն, չի կարող անուղղակի շփմամբ՝ սպասքի պարագաների միջոցով կամ միեւնույն բաժակից խմելու արդյունքում տարածվել: Մասնավորապես, եղունգների հարդարման պարագաների միջոցով վարակումը խիստ հազվադեպ բնույթ կարող է կրել», - մեկնաբանել են գիտնականները՝ դեպքի առնչությամբ թողարկված մամուլի հաղորդագրության շրջանակում՝ հավելելով, որ խոսքը արյան միախառնման հավանականություն ենթադրող սարքերին՝ մասնավորապես թմրանյութերի ներարկման, դաջման, ինչպես նաեւ ասեղնաբուժության նպատակով կիրառման ենթակա ծակող գործիքներին չի վերաբերում, քանի որ վերջիններս հեպատիտ C-ի եւ ՄԻԱՎ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ վիրուսային հիվանդություններով վարակման պատճառ կարող են դառնալ: