Փսիխոպատիկ գծեր ունեցող մարդկանց ուղեղն ունակ է գեներացնել էմպաթիայի հետ կապված ռեակցիաներ, սակայն նման մարդիկ կարող են չգիտակցել, թե ինչ հուզական հետևանքների են հանգեցնում իրենց գործողությունները։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել է Լիվերպուլի համալսարանի կլինիկական հոգեբանության ավագ դասախոս Սթիվեն Գիլեսպին։

Փսիխոպաթիան հանդիպում է բնակչության մոտավորապես 1%-ի մոտ, սակայն այս խմբին է բաժին ընկնում բռնի հանցագործությունների անհամաչափորեն մեծ մասնաբաժինը։ Դրան բնորոշ են մեղքի զգացման բացակայությունը, հուզական սառնությունը և մանիպուլյացիաների հակվածությունը։ Երկար ժամանակ համարվում էր, որ նման մարդիկ սկզբունքորեն անընդունակ են կարեկցանքի։

Ըստ Գիլեսպիի՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ տառապող կամ վախեցած մարդկանց տեսնելիս փսիխոպաթների մոտ հաճախ բացակայում է տիպիկ ֆիզիոլոգիական ռեակցիան. օրինակ՝ նրանց բիբերը չեն ընդլայնվում, ինչը մարդկանց մեծամասնության մոտ արտացոլում է հուզական գրգռվածությունը։ Սա կարող է նշանակել, որ նրանց համար ավելի դժվար է ինքնաբերաբար ճանաչել վախն ու ցավը և հասկանալ, որ իրենց վարքագիծը վնաս է պատճառում։

Այնուամենայնիվ, նեյրովիզուալիզացիայի տվյալները բարդացնում են պատկերը: 2013 թվականի հետազոտության մեջ Գրոնինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ փսիխոպատիա ունեցող հանցագործների մոտ ցավի տեսարաններ դիտելիս ինքնաբերաբար չի առաջանում էմպաթիկ ռեակցիա:

«Սակայն, երբ հակասոցիալական անձնային խանգարում ունեցող փորձարկվողներին ուղղակիորեն խնդրում էին պատկերացնել այլ մարդու զգացմունքները, ուղեղում ակտիվանում էին նույն գոտիները, ինչ հոգեպատիկ գծեր չունեցող մարդկանց մոտ: Սա մատնանշում է, որ էմպաթիայի նեյրոնային մեխանիզմները նրանց մոտ պահպանված են, բայց ինքնաբերաբար չեն միանում», - հստակեցնում է հոգեբանը:

Ըստ Գիլեսպիի՝ եթե օգնենք նման մարդկանց ավելի լավ գիտակցել սեփական արարքների հուզական հետևանքները, դա կարող է կարևոր քայլ դառնալ ագրեսիվ վարքագծի նվազեցման ճանապարհին:

«Հարցը ոչ թե այն է, թե արդյոք փսիխապաթները ընդունակ են փոփոխությունների, այլ այն՝ թե որ մեթոդները կօգնեն ակտիվացնել և զարգացնել նրանց էմպաթիկ մեխանիզմները», - եզրափակել է փորձագետը: