Սլոուն-Քեթերինգի անվան ինստիտուտի ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները պարզել են, որ աղիքային կրիպտաների խորքում գործում է քիչ ուսումնասիրված ազդանշանային ցանց, որը թույլ է տալիս ցողունային բջիջներին ճանաչել բակտերիալ ազդանշանները և գործարկել պաշտպանիչ պատնեշի վերականգնումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում:
Խոսքը լորձաթաղանթի միկրոսկոպիկ փոսիկների՝ կրիպտաների մասին է, որտեղ տեղակայված են էպիթելային ցողունային բջիջները: Դրանք ոչ միայն թարմացնում են աղիքային հյուսվածքը, այլև «հետևում են» բակտերիաների առկայությանը: Ինչպես ցույց է տվել աշխատանքը, բջիջներն ունակ են ճանաչել ֆլագելինը՝ աղիքային ցուպիկի որոշ շտամների մտրակների սպիտակուցը: Այս ազդանշանը խթանում է խեմոկինների՝ իմունային բջիջներին ներգրավող մոլեկուլների արտադրությունը:
Մկների և մարդու աղիքային օրգանոիդների վրա կատարված փորձերի միջոցով հետազոտողները հետևել են ռեակցիայի ամբողջ շղթային: Ֆլագելինի հայտնաբերման դեպքում ցողունային բջիջները ազդանշաններ են ուղարկել լորձաթաղանթի սեփական թիթեղիկ, ուր գաղթել են մոնոցիտները՝ մակրոֆագերի նախորդները: Մակրոֆագերն իրենց հերթին նպաստել են էպիթելային պատնեշի վերականգնմանը և պաշտպանել հյուսվածքը բորբոքումից:
Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել E. coli 541-15 շտամին, որն օգտագործվում է բորբոքային գործընթացների ուսումնասիրման համար: Պարզվել է, որ իմունային բջիջների ներգրավումը տեղի է ունեցել միայն բակտերիաների մոտ մտրակների առկայության դեպքում: Առանց մտրակների շտամները նման ռեակցիա չեն առաջացրել:
Հեղինակներն ընդգծում են, որ աղիքները ոչ միայն միկրոբների հետ հնարավոր հակամարտության գոտի են, այլև էպիթելի, իմունային համակարգի և միկրոբիոտայի միջև մշտական «երկխոսության» հարթակ: Այս ազդանշանային ցանցի խաթարումը կարող է հյուսվածքներն ավելի խոցելի դարձնել բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ կոլիտի նկատմամբ:






