ԱՄՆ-ում երեխաների և դեռահասների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, մինչդեռ մեծահասակների շրջանում նման վիճակագրության աճի տեմպերի նվազում է նկատվում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներին։
«Զեկույցը վկայում է այն մասին, որ ամերիկացի ավելի քան հինգ երեխայից և դեռահասից մեկն ունի ավելորդ քաշ. սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է», - նշված է նյութում։
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ ավելորդ քաշ է հայտնաբերվել 2-ից 19 տարեկան երեխաների և դեռահասների 21,1%-ի մոտ։ Սա 5,2%-ով բարձր է 1971-1974 թվականներին անցկացված նմանատիպ հետազոտության արդյունքում ստացված ցուցանիշից։
Ավելին, երեխաների 7%-ը տառապում է ծանր գիրությամբ, ինչը 1%-ով ավելի է, քան կես դար առաջ, հաղորդում է հեռուստաալիքը։
Մեծահասակների շրջանում նույն ժամանակահատվածում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 20 տարեկան և բարձր տարիքի մեծահասակների 40,3%-ն ունի ավելորդ քաշ։ Ընդ որում, նրանց 9,7%-ի մոտ խոսքը գնում է գիրության ծանր ձևի մասին։
1988-1994 թվականներին, երբ իրականացվում էր նմանատիպ հետազոտություն, ավելորդ քաշով տառապում էր ամերիկացի մեծահասակների ընդամենը 20,9%-ը։
Մյուս կողմից, 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը կազմում էր 42,4%, ինչը կարող է վկայել այն մասին, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ միտումը որոշակի փոփոխություններ է ցույց տալիս, նշվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի վերջին հրապարակվել էր ևս մեկ հետազոտություն, որը կանխատեսում է, որ մինչև 2035 թվականը ավելորդ քաշ ունեցող ամերիկացիների թիվը կհասնի 126 միլիոնի։






