Շաքարով սուրճը հատկապես վտանգավոր է ատամի էմալի համար, քանի որ այն համատեղում է ըմպելիքի թթվային ներգործությունը ատամները քայքայող բակտերիաների համար սննդային միջավայրի հետ։ Այս մասին պատմել են Մաունթ Սինայի հիվանդանոցի ատամնաբույժ Ջուլի Չոն և Նյու Յորքի պետական համալսարանի Ատամնաբուժական բժշկության դպրոցից Մարկ Վոլֆը։ Փորձագետների խոսքերը մեջբերում է Infobae պարբերականը։

Ըստ Չոյի՝ սուրճը պարունակում է դաբաղանյութեր, որոնք գունավորում են էմալը։ Այս ազդեցությունը հատկապես նկատելի է ավելի ծակոտկեն էմալ ունեցող մարդկանց մոտ. պիգմենտներն ավելի հեշտ են ներթափանցում դրա կառուցվածքի մեջ, ինչի հետևանքով ատամներն ավելի արագ են մգանում։

Մարկ Վոլֆը հավելել է, որ ըմպելիքը նաև բացասաբար է ազդում էմալի վրա՝ իր թթվայնության պատճառով։ Թթվային միջավայրը աստիճանաբար թուլացնում է էմալի կառուցվածքը՝ մեծացնելով կարիեսի և ատամների զգայունության ռիսկը։ Բացի այդ, սուրճը կարող է բերանի չորություն առաջացնել, իսկ թքի պակասը նպաստում է ատամնափառի կուտակմանը և բակտերիաների բազմացմանը։

Մասնագետներն ընդգծել են, որ հատկապես վտանգավոր է շաքարով սուրճը։ Շաքարը սննդի աղբյուր է հանդիսանում բակտերիաների համար, որոնք իրենց կենսագործունեության ընթացքում թթուներ են արտազատում։ Այդ թթուները լրացուցիչ փափկեցնում և քայքայում են էմալը՝ ուժեղացնելով ըմպելիքի վնասակար ազդեցությունը։