Ամերիկացի գիտնականները քթի ցողաշիթի տեսքով նոր պատվաստանյութ են մշակում, որը, հնարավոր է, որ ունակ լինի պաշտպանել օրգանիզմը գրիպի բոլոր տեսակներից, մրսածությունից, թոքային բակտերիալ վարակներից և նույնիսկ ալերգիայի որոշ տեսակներից, հայտնում է BBC-ն:

Սթենֆորդի համալսարանի հետազոտողներն արդեն փորձարկել են իրենց «ունիվերսալ պատվաստանյութը» կենդանիների վրա, սակայն այժմ նրանք պետք է թեստեր իրականացնեն մարդկանց մասնակցությամբ:

Գիտնականները նշում են, որ կիրառում են արմատապես այլ մոտեցում՝ համեմատած ավանդական պատվաստանյութերի հետ, որոնք մարդկությունն օգտագործում է արդեն ավելի քան 200 տարի:

Այս ոլորտի փորձագետները հետազոտության արդյունքներն անվանում են իրապես տպավորիչ, թեև աշխատանքը դեռևս վաղ փուլում է: Նրանք հույս ունեն, որ պատվաստանյութը կարող է հսկայական քայլ լինել հիվանդությունների դեմ պայքարում:

Ներկայիս պատվաստանյութերը մեր օրգանիզմին «սովորեցնում են» պայքարել մեկ կոնկրետ վարակի դեմ։ Այսպիսով, կարմրուկի դեմ պատվաստումը կպաշտպանի միայն այդ մեկ հիվանդությունից, ինչպես և ջրծաղիկի կամ որևէ այլ վիրուսի դեմ պատվաստումը։ Իմունացումն այս սկզբունքով է գործել այն պահից ի վեր, երբ 18-րդ դարի վերջին այն առաջին անգամ կիրառել է բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջենները։ Սակայն Science ամսագրի հեղինակների նկարագրած մոտեցումը չի ենթադրում իմունային համակարգի «ուսուցում»։ Այն նմանակում է այն սկզբունքները, որոնցով իմունային բջիջները տեղեկատվություն են փոխանակում միմյանց հետ։

Պատվաստումն իրականացվում է քթի ցողաշիթի միջոցով, որի ազդեցության արդյունքում մեր թոքերի սպիտակ արյան բջիջները (որոնք հայտնի են որպես մակրոֆագեր) մնում են ակտիվացման պատրաստ վիճակում։ Արդյունքում դրանք սկսում են գործել՝ անկախ այն բանից, թե հատկապես որ վարակն է փորձում ներթափանցել օրգանիզմ։

Կենդանիների վրա կատարված փորձարկումների ընթացքում նման պատվաստումը գործել է մոտ երեք ամիս։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մակրոֆագերի բարձր պատրաստվածությունը օգնել է զգալիորեն նվազեցնել թոքերի միջոցով օրգանիզմ ներթափանցող վիրուսների քանակը. դրանք արձանագրվել են հարյուրից մինչև հազար անգամ ավելի քիչ։

Սթենֆորդի համալսարանի մանրէաբանության և իմունաբանության պրոֆեսոր Բալի Պուլենդրանը նշում է, որ նույնիսկ այն վիրուսների դեպքում, որոնց այնուամենայնիվ հաջողվում էր ներթափանցել օրգանիզմ, իմունային համակարգը հայտնվում էր «հարձակումը կայծակնային արագությամբ հետ մղելու լիակատար պատրաստվածության վիճակում»:

Հետազոտական խումբը նաև պարզել է, որ նոր պատվաստանյութն օգնում է պաշտպանվել բակտերիաների երկու տեսակից՝ Staphylococcus aureus և Acinetobacter baumannii, որոնք հարուցում են մի շարք ներհիվանդանոցային վարակներ:

«Այս պատվաստանյութը, որը մենք անվանում ենք ունիվերսալ, առաջացնում է օրգանիզմի շատ ավելի լայն արձագանք և պաշտպանում է ոչ միայն գրիպի վիրուսից, ոչ միայն քովիդից կամ մրսածությունից, այլև, ինչպես պարզեցինք փորձնական ճանապարհով, գրեթե բոլոր վիրուսներից, բազմաթիվ տարբեր բակտերիաներից և նույնիսկ ալերգիաներից», - BBC-ին ասել է Պուլենդրանը:

Իմունային համակարգի աշխատանքի փոփոխությունները, ըստ ամենայնի, ստիպում են նրան նաև ավելի քիչ զգայուն լինել այն ալերգենների նկատմամբ, որոնք առկա են փոշու մեջ և կարող են առաջացնել ալերգիկ ասթմա։

«Սա իրապես տպավորիչ հետազոտություն է», — նշում է Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութաբանության (վակցինոլոգիա) պրոֆեսոր Դանիելա Ֆերեյրան (ով չի մասնակցել Սթենֆորդի գիտնականների աշխատանքներին)։

Ըստ նրա՝ այս աշխատանքը «կարող է փոխել այն սկզբունքները, որոնցով մենք պաշտպանում ենք մարդկանց մրսածության հիվանդություններից և շնչառական այլ վարակներից», եթե արդյունքները հաստատվեն մարդկանց մասնակցությամբ թեստերի ընթացքում։ Նրա խոսքով՝ հետազոտության առավելություններից մեկն այն է, որ հեղինակները հստակ նկարագրել են, թե հատկապես ինչպես է գործում նոր պատվաստանյութը։

Ֆերեյրան կարծում է, որ սթենֆորդյան հետազոտությունը «կարող է զգալի առաջընթաց լինել» և թույլ կտա պաշտպանել մարդկանց վարակներից։ Այնուամենայնիվ, դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխաններին։

Փորձարկումների ընթացքում պատվաստանյութն օրգանիզմ է ներմուծվել քթի սփրեյի միջոցով, սակայն մարդկանց դեպքում դրա համար, հնարավոր է, անհրաժեշտ լինի կիրառել նեբուլայզերներ, որպեսզի այն կարողանա հասնել մարդու թոքերին։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք մարդու օրգանիզմը նույնկերպ կարձագանքի դրան, և թե որքան ժամանակ իմունային համակարգը կմնա բարձր պատրաստվածության վիճակում։ Մարդկանց և մկների իմունային համակարգերը տարբերվում են միմյանցից, այդ թվում նաև այն պատճառով, որ մեր իմունիտետը ձևավորվում է տասնամյակների ընթացքում վարակների հետ փոխազդեցության արդյունքում։

Այժմ հետազոտողները հույս ունեն անցկացնել թեստեր, որոնց ընթացքում մարդիկ նախ կստանան պատվաստանյութը, ապա՝ վիրուսը, որպեսզի ստուգվի, թե ինչպես կարձագանքի օրգանիզմը դրան։ Բացառված չէ նաև, որ իմունային համակարգի ավելի ակտիվ աշխատանքը, այսինքն՝ դրա բնականոն գործունեության ռեժիմի խախտումը, կարող է հետևանքներ ունենալ մարդկանց համար և առաջացնել իմունոլոգիական խանգարումներ։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք մարդու օրգանիզմը նույնկերպ կարձագանքի դրան և թե որքան ժամանակ իմունային համակարգը կմնա բարձր պատրաստվածության վիճակում։ Մարդկանց և մկների իմունային համակարգերը տարբերվում են միմյանցից, այդ թվում նաև այն պատճառով, որ մեր իմունիտետը ձևավորվում է տասնամյակների ընթացքում վարակների հետ փոխազդեցության արդյունքում։

Այժմ հետազոտողները հույս ունեն անցկացնել թեստեր, որոնց ընթացքում մարդիկ նախ կստանան պատվաստանյութը, ապա՝ վիրուսը, որպեսզի ստուգվի, թե ինչպես կարձագանքի օրգանիզմը դրան։ Բացառված չէ նաև, որ իմունային համակարգի ավելի ակտիվ աշխատանքը, այսինքն՝ դրա բնականոն գործունեության ռեժիմի խախտումը, կարող է հետևանքներ ունենալ մարդկանց համար և առաջացնել իմունոլոգիական խանգարումներ։

«Սա կարող էր նվազեցնել մահացությունը, հիվանդությունը դարձնել ավելի թեթև և հավանաբար, ձևավորել իմունային կայունություն ու արագ ապաքինվելու ունակություն։ Արդյունքները կարող են չափազանց նշանակալի լինել», - կարծում է Պուլենդրանը։

Նա նկարագրում է նման պատվաստանյութի կիրառման ևս մեկ տարբերակ. ձմռան սկզբին, երբ տարածվում են տարվա այդ եղանակին բնորոշ սովորական վիրուսները, «կարելի է պատկերացնել նմանատիպ սեզոնային սփրեյի կիրառումը, որը կստեղծեր ընդլայնված իմունիտետ»։