Կանադացի բժիշկները Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութի փորձարկումներ են մեկնարկել: Այս մասին Կանադայի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ է նշվում: Reuters գործակալության հիշեցմամբ, զուգահեռաբար նույն պատվաստանյութի փորձարկումները նաեւ ԱՄՆ-ում են ընթանում:

NewLink Genetics կորպորացիայի անունով լիցենզավորում անցած՝ VSV-EBOV անվամբ հայտնի դեղամիջոցի մշակման աշխատանքները դեռեւս մի քանի տարի առաջ՝ Վինիպեգի լաբորատորիայում են մեկնարկել: Կենդանիների նկատմամբ փորձարկումներն այն առանձնակի հաջողությամբ է անցել:

Նկատենք, որ VSV-EBOV-ի մշակումը հեղինակած կորպորացիան հիվանդի իմունային համակարգի աշխատանքի շտկմամբ քաղցկեղի տարբեր տեսակների բուժմանը միտված բիոֆարմակոլոգիական դեղամիջոցների արտադրությամբ է զբաղվում:

Պատվաստանյութի՝ Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիայի նահանգ) բուժհաստատություններից մեկում կազմակերպվելիք կլինիկական հետազոտությունների իրականացման համար մի խումբ կամավորներ են ընտրվել: Իսկ ահա ամերիկյան փորձարկումներն ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտում եւ ամերիկյան բանակի Ուոլտեր Ռիդի անվան հետազոտական կենտրոնում (Մերիլենդի նահանգ) են ընթանում: Փորձարկումների առաջին արդյունքները 2015թ.-ին կստացվեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, այս պահի դրությամբ աշխարհի 8 երկրներում Էբոլա տենդով վարակման 14 413 դեպք է գրանցվել: Համաճարակի զոհերի թիվը 5177-ի է հասնում: