Բժշկական կենտրոններում այսօր մի արատավոր երևույթ է տիրում․ տնօրենները հրավիրում են բուժաշխատողներին խորհրդակցությունների և սպառնում ազատել աշխատանքից, եթե նրանք հրապարակայնորեն դժգոհեն իրենց վարձատրոությունից։ Այս մասին ասել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը սոցիալական ցանցերում հրապարակած իր տեսանյութում։

«Ասելով, որ սա է մեր առողջապահական համակարգի վիճակը, սա է հիմնադրամի փոխհատուցումների կարգը, և եթե դուք գտնում եք, որ չպետք է աշխատեք, դիմումներ գրեք, գնացեք, իսկ եթե դուք աշխատելու եք, ապա սպառնում են, որ հանկարծ չլինեն բողոքներ սոցցանցերում հրապարակումներ, մի խոսքով, սուս ու փուս նստեք և աշխատեք», - ասել է նա։

Նա հիշեցրել է բուժկենտրոնների տնօրեններին, որ նրանք չեն որոշում, թե որ ատյաններում կամ հարթակներում բժիշկները կարող են հայտնել իրենց բողոքը, իսկ բժիշկներին խոստացել իրավական աջակցություն։

«Եվ խնդրում եմ մեր բուժաշխատողներին, որ եթե ունեք նմանատիպ սպառնալիքներ, եթե ունեք աշխատանքի ազատման դեպքեր, ապա գրեք ինձ անձնական նամակով և մենք ձեզ մենակ չենք թողնի ձեր իրավունքի պաշտպանության հետ կապված և մենք կլինենք ձեզ աջակից, նեցուկ»։

Այնուհետև Անուշ Պողոսյանը հատուկ անդրադարձել է «Արմենիա» բժշկական կենտրոնում նախօրեին անցակցված խորհրդակցությանը, որի ժամանակ տնօրինությունը սպառնացել է հեռացնել աշխատանքից ոչ միայն այն բժիկներին, որոնք գրառում կանեն իրենց աշխատավարձերի հետ կապված, այլև իրենց բաժնի վարիչներին։

«Սիրելի «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրինություն, եթե դա այդպես է, շատ վատ է, եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ձեր հերքումը։ Կարծում եմ, որ դուք ձեր խորհրդակցությունների ժամանակ պետք է լինեք ավելի կոռեկտ, պետք է լինեք ավելի զուսպ և ձեր արտահայտությունները պետք է լինեն օրենքով սահմանված կարգով։ Իսկ ինչ վերաբերվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենին, որը որ դիրքավորված է որպես ընդդիմադիր, տարիներ շարունակ և օգտվել է, տասնյակ տարիներ այն կուսակցության բարիքներից, որին որ հարում է, ուզում եմ ասել, որ հաստատ այդ կուսակցությանը չի սազում, որ դուք պետք է լինեք նրա անդամը և կանգնեք և բուժաշխատողներին սպառնաք։ Կողմնորոշվեք, դուք ընդդիմադիր եք, թե՝ ոչ, կողմնորոշվեք, դուք կատարում եք այդ ապօրինությունները, թե՝ ոչ»։