Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ֆեյսբուքի իր անձնական էջում կիսվել է տեսանյութով, որտեղ մի տարեց կին գոհունակությամբ հայտնում է, որ պետական ապահովագրությամբ լեղապարկ է հեռացրել, ինչի համար պետությունը փոխանցել է 1 800 000 դրամ։

Տեսանյութը բժշկական հանրության ոուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ այն բանի համար, որ կնոջը ապահովագրությամբ վիրահատել են, այլ լեղապարկի վիրահատության գնի առումով։ Բանն այն է, որ այս վիրահատության արժեքը Հայաստանում միջինում 400 000 դրամ է, իսկ պետության փոխհատուցման գինը 300 000 է։ Հարց է առաջանում՝ նախարարը ուղղակի չի՞ խորացել, թե ինչ վիրահատության մասին է խոսում կինը, թե՞ այս կնոջ լեղապարկը իսկապես այդքան թանկ է արժեցել պետությանը։

Ռեանիմատոլոգ Օնիկ Ֆահրադյանը զարմացած սմայլիկ է դրել ու հարցրել․ «Խոլեցիստէկտոմիայի համար 1800000֏ ԱՀԱՀ-ն փոխանցո՞ւմ է արել»։

Ուրոլոգ Գեվորգ Գևորգյանը խնդրել է նախարարին մի քանի հարցի պատասխանել․

«1. Ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում:

  1. 2. Դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:
  2. Այս տեսանյութով ինչու՞ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին»։

Չհրապարակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝

  1. Ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)
  2. Տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից
  3. Մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին», - գրել է նա, խնդրելով չջնջել տեսանյութը, ինչպես դա սովոր են անել ԱՆ որոշ աշխատակիցները։

Օգտատեր Նինա Եղիազարյանը մեկնաբանությունում նշել է, որ մարդկանց լարում են բժիշկների դեմ, թե իբր բժիշկները միլիոններ են աշխատում, մի բան էլ ուզում են հիվանդներից գումար պոկեն։ «Այնինչ բժիշները այդ վիրահատության դիմաց պետության կողմից փոխանցած 300000֏ից ստանում են ընդամենը 50000֏։ Հերիք չի ստում են, մի հատ էլ մոլորության մեջ են գցում։ Թող նախարարը վիրահատությունների և ծառայությունների ցուցակները հրապարակի, որ մարդիկ տեսնեն», - գրել է նա։