Ներկայումս Հայաստանում շուրջ 46 հազար հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան գրանցված, որոնցից 20 հազարը հաշմանդամություն ունեն: Տեղեկությունը լրատվամիջոցների համար կազմակերպված հատուկ սեմինարի ընթացքում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանն է հայտնել՝ նշելով, որ 46 հազարը ոչ թե Հայաստանում հոգեբուժական բնույթի խնդիրներ ունեցող բոլոր անձանց թիվն է, այլ՝ ընդամենը այն քաղաքացիների, որոնք հոգեբուժական հաստատության օգնությանն են դիմել:
Արմեն Սողոյանը նաեւ նշել է, որ Հայաստանի հաշմանդամություն ունեցող բնակիչների թիվը 182 643 է. ըստ այդմ, հոգեկան հիվանդների բաժինը 11 տոկոս է կազմում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն էլ 8 015 է, որից 1045-ը կամ 20 տոկոսը հոգեկան շեղումներ ունեն:
Նկատելով, որ ցուցանիշները աճի տենդենց ունեն, որի դեմ միջոցառումների ձեռնարկման կարիք է զգացվում, մասնագետը նաեւ ընդգծել է, որ դա միայն Հայաստանին չէ հատուկ, այլ՝ ողջ աշխարհում է դիտարկվում:
Մասնավորապես, ԱՀԿ-ի տվյալներով, երկրագնդի բնակիչների 25 տոկոսը կյանքի որեւէ ժամանակահատվածում հոգեկան խնդիրների են բախվում: Մարդկանց 3-7 տոկոսը ծանր հոգեկան խանգարումներ, 1 տոկոսն էլ՝ շիզոֆրենիա ունեն: Կազմակերպության կանխատեսմամբ, 2030թ.-ին հաշմանդամեցման հանգեցնող հիվանդություններից առաջինը դեպրեսիան է համարվելու:
Ամեն տարի ողջ աշխարհում իրականացվող ինքնասպանությունների թիվը շուրջ 1 մլն.-ի է հասնում, այսինքն յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մոլորակի մի բնակիչ մաքրում է հաշիվները կյանքի հետ: Ապացուցված է, որ ինքնասպանություն գործող մարդկանց 60 տոկոսը հոգեկան խանգարումներ ունեն: Պատկերացնելու համար, թե որչափ բարձր ցուցանիշների հետ գործ ունենք, Արմեն Սողոյանը նշել է, որ, համաձայն վիճակագրական տվյալների, ներկայումս գրանցվող ինքնասպանության դեպքերի թիվը բարձր է ցանկացած տիպի աղետների, ներառյալ պատերազմների, վթարների ու տարերային աղետների զոհերի համընդհանուր թվից: «Ինքնաթիռի՝ 300 մարդու մահվան պատճառ դարձած վթարը սովորաբար մեծ հանրային արձագանք է առաջացնում: Հանձնաժողովներ են ստեղծվում, հետաքննություններ իրականացվում, ֆինանսական փոխհատուցումներ տրվում, սակայն նույն այդ ընթացքում, երբ բոլորը ինքնաթիռի վթարի մասին են խոսում, եւս 300 մարդիկ կարող են ինքնասպանություն գործել, ինչն անհամեմատ ավելի աննկատ կմնա, քանի որ ոչ բոլոր երկրներն ու կառավարություններն են փաստի առնչությամբ պատշաճ ուշադրություն դրսեւորում», - նկատել է նա:
Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը նաեւ երկրում գործարկվող հոգեբուժական ծառայության կառույցն է ներկայացրել, մասնավորապես՝ այն գործող պետական եւ մասնավոր հաստատությունները թվարկել, որոնք ծառայություններ են մատուցում՝ հոգեկան առողջության ոլորտում: Արմեն Սողոյանի գնահատմամբ, հոգեկան առողջության պահպանմանը միտված այն հաստատությունները, որոնք փորձում են իրենց ծառայությունները լավ, ոչ հիվանդանոցային պայմաններում մատուցել, պահանջարկի վճարողունակության նույնիսկ 10 տոկոսը չեն ծածկում. ասել է, թե այսօր նմանատիպ ծառայությունների լուրջ կարիք է զգացվում:
Հոգեբուժական հաստատություններում առկա հիվանդանոցային մահճակալների ցուցանիշով՝ 4,3՝ 10 հազարի համար, Հայաստանը միջին դիրքեր է զբաղեցնում ԱՊՀ երկրների ցանկում՝ զիջելով մի շարք առավել զարգացած արեւմտյան երկրների, բայց եւ Չինաստանին հետեւում թողնելով: Հատկանշական է, որ ամենաբարձր ցուցանիշը Ճապոնիայում է առկա: Ընդհանուր առմամբ, Արմեն Սողոյանի խոսքով, աշխարհում հոգեկան հիվանդների նկատմամբ մոտեցման երկու հակադիր՝ ամերիկյան եւ ճապոնական մոդելներն են գործում: Ճապոնացիները գտնում են, որ բոլոր հոգեկան հիվանդները պետք է ստացիոնարում գտնվեն՝ հիմք ընդունելով այն սկզբունքը, որ ավելի լավ է հիվանդանոցում՝ վերահսկողության տակ լինեն՝ քան բանտում կամ փողոցում: ԱՄՆ-ում ճիշտ հակառակ մոդելն է գործում. այնտեղ փորձում են հոգեկան հիվանդների առավելագույն ինտեգրման հասնել, ինչի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, բանտարկյալների 10-20 եւ անոթեւանների 40 տոկոսի մոտ այս կամ այն հոգեկան խանգարումը կարելի է գտնել:
Հոգեբույժների թվով եւս՝ 5,6՝ 100 000 հազար բնակչության համար, Հայաստանը միջին դիրքեր է զբաղեցնում: Այդուհանդերձ, հոգեբույժների պակասը մեր երկրում խիստ զգալի է: Մասնագետների պակաս նույնիսկ Միացյալ Նահանգներում է զգացվում, թեեւ այնտեղ ցուցանիշը 13,7-ի է հավասար:






