Հայաստանի առողջապահության նախարարության եւ Բաց հասարակության հիմնադրամի միջեւ 2012թ.-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, տարբեր գերատեսչությունների եւ հանրային սեկտորի ներկայացուցիչների ներգրավմամբ, աշխատանքային խումբ է ստեղծվել՝ հոգեկան առողջության ռազմավարության մշակման նպատակով: Խմբի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 2014թ.-ի ապրիլ ամսին հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019թթ.-ի ռազմավարությունն ու միջոցառումների ցանկն են ընդունվել: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների համար կազմակերպված հատուկ սեմինարի ընթացքում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանն է հայտնել:
Ռազմավարությունը հոգեկան առողջության ողջ ոլորտը բարելավելու նպատակ է հետապնդում՝ օրենսդրական բարեփոխումները, մասնագիտական կրթության արդիականացումը, ոլորտը ներկայացնող մասնագետների շարունակական կրթության ապահովումը, հոգեկան առողջության ծառայությունների գործունեության վերաբերյալ տեղակացվածության մակարդակի աճը, ծառայությունների որակի եւ հասանելիության բարելավումն ու հոգեկան բնույթի խնդիրների լուծման ինստիտուցիոնալ եղանակից համայնքային աջակցության համակարգին անցումը ներառյալ:
Համայնքային աջակցության համակարգը, Արմեն Սողոյանի ներկայացմամբ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար մի քանի կառույցների ստեղծում է ենթադրում.
Շուրջօրյա խնամքի տներ՝ փոքր թվով՝ 10-30 հիվանդերի համար, որոնք կարող են բնակվել այնտեղ, իրենց գործերով գնալ եւ վերադառնալ:
Համայնքային ցերեկային կենտրոններ՝ չափահասների եւ երեխաների համար, որտեղ հոգեկան խնդիր ունեցող եւ որեւէ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զուրկ մարդիկ կարող են ժամանակ անցկացնել:
Սատարող կացարաններ՝ այն հիվանդների համար, որոնք ի վիճակի են իրենց մասին հոգ տանել: Այս մոդելը հաջող կիրառություն է գտել Եվրոպայում. կացարանը նրանց համար պետությունն է վարձակալում, բացի այդ էլ, համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նրանց՝ անհրաժեշտ հոգեբուժական օգնությունը տրամադրելու նպատալով:
Համակարգի պոտենցիալ ներդրողների դերում հենց իրենք՝ համայնքները (որոնք արդեն իսկ ծրագրին իրենց աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել), տարբեր միջազգային կազմակերպություններ, եկեղեցին եւ մասնավոր սեկտորը հանդես կգան: «Հուսով ենք, որ բոլոր նշված կողմերի ներգրավմամբ հնարավոր կլինի ընդունված ռազմավարությունն իրականություն դարձնել», - ամփոփել է Արմեն Սողոյանը:






