Բժիշկները, նրբունելու օգնությամբ, հարյուրավոր սարսռազդու էակներ են հեռացրել թրթուրային ինֆեստացիայի ենթարկված երիտասարդի ականջից: Օրգանի մեջ սպիտակ շարժվող զանգվածի տեսք ստացած թրթուրները մեծ դժվարությամբ են իրենց համար սնունդ ծառայող օրգանիզմը լքել: Չէ՞ որ կարճ ժամանակ անց կարող էին նաեւ ամենահամեղ «պատառը»՝ ուղեղը գրոհել, ինչը զոհի համար մահացու ելք պիտի «երաշխավորեր», հաղորդում է The Daily Mail-ը:

Երիտասարդի բուժումն իրականացրած դոկտոր Վիկրամ Յադավի մեկնաբանմամբ, թրթուրային ինֆեստացիայի պատճառը սովորական սենյակային ճանճն է եղել, որին հաջողվել է քնած ժամանակ զոհի ականջը մտնել եւ այնտեղ բազմակի ձվադրում կատարել:

Վերը բերված տեսանյութում երեւում է, թե ինչպես է բժիշկը երիտասարդի ականջից նրբունելու օգնությամբ բազմաթիվ գալարվող թրթուրների հեռացնում: 

Ինֆեստացիայի այս՝ լսողական միազ անվամբ հայտնի՝ մինչեւ 10 տարեկան երեխաների մոտ առավել լայն տարածում գտած տիպը մերձարեւադարձային եւ արեւադարձային երկրներին է հատուկ, թեեւ առանձին դեպքերում կարող է անգամ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ի հայտ գալ:

Լսողական միազով ախտահարված մարդիկ կարող են անընդհատ բզզոց լսել, ինչպես նաեւ ականջից տհաճ հոտով արտադրություն ու լսողության կորուստ ունենալ: Քթի եւ ականջի ինֆեստացիան հատկապես վտանգավոր է համարվում այնքանով, որ կարող է թրթուրների՝ գլխուղեղի տարածք ներթափանցման հանգեցնել: Հատկանշական է, որ լսողական միազի պարագայում մահվան ելքով դեպքերի բաժինը շուրջ 8 տոկոս է կազմում:

Դոկտոր Յադավի մենկաբանմամբ, թրթուրներն ականջից հեռացնելու լավագույն միջոցը նրանց թթվածնից զրկելն է, «ինչի արդյունքում ստիպված են մակերես դուրս գալ»: Բացի այդ, բժիշկը հակամակաբուծային դեղամիջոցի՝ իվերմեկտինի ներարկում է կատարել՝ նոր ձվերի՝ թրթուրների վերափոխումը կանխելու նպատակով:

«Եթե քնած մարդու, հատկապես երեխայի կամ տարիքավորի մոտ ճանճ եք տեսնում, ավելի լավ է՝ դեմքը կտորով ծածկեք, որպեսզի անցքերով ներթափանցելու եւ ձվադրելու հնարավորություն չունենա: Զգուշավորությունից լավ բան չկա», - ամփոփել է բժիշկը: