Օստեոպորոզի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են 16-24%-ով նվազեցնել Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի զարգացման վտանգը։ Նման եզրակացությանն են հանգել Հոնկոնգի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) բժշկագիտական հանդեսում։
Այս դեղամիջոցները ազոտ պարունակող բիսֆոսֆոնատներ են՝ ոսկրային զանգվածի կորուստը դանդաղեցնող և օստեոպորոզի բուժման համար լայնորեն օգտագործվող դեղամիջոցների խումբ։ Դրանց թվում են, օրինակ, Ալենդրոնատը և Զոլեդրոնատը։
Հետազոտության համար գիտնականները վերլուծել են Հոնկոնգի 60 տարեկանից բարձր 120 հազար բնակիչների էլեկտրոնային առողջապահական գրառումները, որոնք տառապում էին օստեոպորոզից կամ ոսկրային խտության նվազման հետ կապված կոտրվածքներով։ Տվյալները ընդգրկել են 2005-2020 թվականների ժամանակահատվածը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ազոտ պարունակող բիսֆոսֆոնատներ ընդունող բուժառուներն ավելի քիչ էին ենթակա դեմենցիա զարգացմանը, քան նրանք, ովքեր չէին բուժվում կամ ընդունում էին օստեոպորոզի դեմ այլ դեղամիջոցներ։ Հետազոտողները գնահատում են, որ մոտավորապես 48 բուժառուի հինգ տարվա ընթացքում այս դեղամիջոցներով բուժումը դեմենցիայի մեկ դեպք կարող է կանխել։
Կապը հատկապես ուժեղ էր կանանց և կոնքի կոտրվածք ստացած բուժառուների շրջանում։ Հետազոտողները նշում են, որ օստեոպորոզը և դեմենցիան հաճախ հանդիպում են նույն բուժառուների շրջանում և ունեն ընդհանուր ռիսկի գործոններ, դրանց թվում՝ ավելի մեծ տարիք, ցածր ֆիզիկական ակտիվություն և իգական սեռ։
Բիսֆոսֆոնատների գործողության կենսաբանական մեխանիզմները դեռևս լիովին հետազոտված չեն, սակայն որոշ տվյալներ ցույց են տալիս, որ դրանք կարող են ազդել բորբոքման և բջջային նյութափոխանակության հետ կապված գործընթացների վրա, որոնք դեր են խաղում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման մեջ։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են հատկապես կարևոր լինել ծերացող բնակչության շրջանում դեմենցիայի կանխարգելման համար։ Նրանց կարծիքով՝ մինչ մշակվում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոր բուժումներ, առկա և լավ հետազոտված դեղամիջոցները բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար կարող են լրացուցիչ պաշտպանություն ապահովել։






