Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից սահմանված համաշարհային օրն է նշվում (World Chronic Obstructive Pulmonary Disease Day):

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) ծանր, կյանքի համար սպառնալիք ներկայացնող բարդություն է հանդիսանում: ԱՀԿ-ի տվյալներով, 2004թ.-ին ողջ աշխարհում ԹՔՕՀ-ից տառապողների թիվը՝ 64 մլն, իսկ 2005թ.-ին հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 3 մլն է հաշվարկվել, ինչը նույն տարվա ընթացքում գրանցված բոլոր մահվան դեպքերի շուրջ 5 տոկոսն է կազմում: Ընդհանրապես, ԹՔՕՀ-ը, մահացության մակարդակով, երկու անգամ բարձր է թոքերի քաղցկեղից: Ավելին, ԱՀԿ-ի կանխատեսումներով, այն շուտով երրորդ հորիզոնականն է զբաղեցնելու՝ ողջ աշխարհում գրանցվող մահացության պատճառների շարքում: Ներկայումս, մասնագետների գնահատմամբ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապողների թիվն արդեն 210 մլն-ի է հասել: 

ԹՔՕՀ-ի առաջացման հիմնական պատճառը սիգարետի ծուխն է: 20 տարի շարունակ օրական մեկ տուփ սիգարետ ծխած մարդիկ, գրեթե առանց բացառության, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն են ձեռք բերում: Բանն այն է, որ սիգարետի ծուխը բրոնխներին ու թոքային հյուսվածքներին անդառնալի վնաս հասցնելու հատկություն ունի՝ ԹՔՕՀ-ը հնարավոր չէ բուժել: Լավագույն դեպքում հնարավոր է հիվանդի վիճակը բարելավել եւ կյանքի տեւողությունը երկարաձգել: Հիվանդությունը կարող է նաեւ, մի փոքր ավելի ուշ, պասիվ ծխողների մոտ առաջանալ: ԹՔՕՀ-ի առաջացման պատճառների եւ ախտանշանների մասին կարող եք NEWS.am Medicine-ի՝ ստորեւ բերված հղմամբ ընթերցել:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշարհային օրվա հիմնական նպատակը հիվանդության, դրա առաջացմանը նպաստող ռիսկի գործոնների մասին մարդկանց տեղեկացվածության մակարդակի, ինչպես նաեւ հիվանդների կյանքի որակի ու տեւողության ավելացումն է: