Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության առաջատար պատճառներից, սակայն դրանց զգալի մասը հնարավոր է կանխարգելել՝ կյանքի պարզ, բայց հիմնարար փոփոխությունների միջոցով։ Ի՞նչ դեր ունեն սնունդը, ֆիզիկական ակտիվությունն ու սթրեսի կառավարումը սրտի առողջության պահպանման մեջ, և որքանո՞վ է ծխելը խորացնում սիրտ-անոթային ռիսկերը։

Այս հարցերի շուրջ զրուցել ենք բժիշկ-սրտաբան Անդրանիկ Ասրյանի հետ՝ հասկանալու, թե ինչ գիտական մեխանիզմներ են կանգնած առողջ ապրելակերպի հետևում և ինչ քայլեր կարող են իրականում նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Ի՞նչ դեր ունեն առողջ ապրելակերպի գործոնները (սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ստրեսի կառավարում) սրտի առողջության պահպանման մեջ։

Առողջ ապրելակերպը առանցքային դեր ունի սիրտ-անոթային համակարգի պահպանման գործում, սակայն դրա ազդեցությունը պայմանավորված է կոնկրետ ֆիզիոլոգիական մեխանիզմներով։

Հավասարակշռված սնունդը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի (LDL) մակարդակի նվազմանը և «լավ» խոլեստերինի (HDL) բարձրացմանը, ինչի արդյունքում դանդաղում է աթերոսկլերոտիկ փլակների ձևավորումը անոթների պատերին։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը բարելավում է սրտամկանի արդյունավետությունը, ուժեղացնում է անոթների էլաստիկությունը և նպաստում արյան շրջանառության կարգավորմանը։ Սթրեսի ճիշտ կառավարումը նվազեցնում է սիմպաթիկ նյարդային համակարգի գերբեռնվածությունը և կորտիզոլի մակարդակը, ինչի արդյունքում կանխվում է զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումը և սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածությունը։ Այս գործոնների համակցված ազդեցությունը ոչ միայն նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի ինսուլտի և այլ սրտանոթային հիվանդությունների ռիսկը, այլ նաև բարելավում է նյութափոխանակությունը, էներգետիկ մակարդակը և ընդհանուր կյանքի որակը։

Ձեր փորձից ելնելով կասեք ի՞նչ հիմնական վնասակար ազդեցություն ունի ծխելը սրտի և անոթների առողջության վրա։

Ծխախոտի այրման արդյունքում առաջանում է ծուխ և խեժ, որոնք պարունակում են հազարավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ թունավոր և օքսիդացնող միացություններ։ Այս նյութերը վնասում են անոթների ներքին շերտը (էնդոթելիումը), խանգարում անոթների բնական լայնացմանը և նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը։ Արդյունքում արագանում է աթերոսկլերոզի զարգացումը՝ անոթների պատերին ճարպային կուտակումների առաջացմամբ: 

Բացի այդ, ծխախոտի ծուխը մեծացնում է արյան մակարդելիությունը և նպաստում թրոմբների առաջացմանը, ինչը կարող է հանգեցնել անոթների խցանման։ Այս բոլոր գործոնները միասին զգալիորեն բարձրացնում են սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի ինսուլտի և այլ սիրտանոթային բարդությունների ռիսկը։ Միևնույն ժամանակ, որոշակի ազդեցություն ունի նաև նիկոտինը, սակայն դրա դերը հաճախ սխալ է ընկալվում։ Նիկոտինը ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, ինչի արդյունքում բարձրանում են սրտի զարկերի հաճախությունը և զարկերակային ճնշումը։

Որո՞նք են այն քայլերը, որոնց պետք է հետևեն հիվանդները, ովքեր ցանկանում են թողնել ծխելը և նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Ծխելը թողնելու ամենաարդյունավետ ռազմավարությունը լիակատար դադարեցումն է, քանի որ միայն այս դեպքում է հնարավոր ամբողջությամբ վերացնել ծխախոտի այրման արդյունքում առաջացող վնասակար ազդեցությունները։ Սակայն եթե մարդը չի կարողանում անմիջապես դադարեցնել ծխելը, կարելի է դիտարկել այնպիսի մոտեցումներ որոնք կարող են նվազեցնել ռիսկերը։

Այդպիսի մոտեցումները ներառում են նիկոտինի փոխարինման թերապիան, որը հաստատված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ինչպես նաև անցումը այնպիսի արտադրանքների որոնք առանց այրման են աշխատում։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս որ այսպիսի այլընտրանքային միջոցները զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր են արտազատում։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ այս արտադրանքները ռիսկից լիովին զերծ չեն և շարունակում են ունենալ ազդեցություն, մասնավորապես նիկոտինի միջոցով սիրտ-անոթային համակարգի վրա։

Միևնույն ժամանակ, ծխելու դադարեցումը առավել արդյունավետ է, երբ այն համակցվում է բժշկական աջակցությամբ։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիաում, լայնորեն կիրառվում է հենց այսպիսի բազմակողմանի ռազմավարություն, որտեղ այլընտրանքային գործիքները համակցվում են հանրային առողջության ծրագրերի հետ։