Առողջապահության նախարարությունը բառացի խոստանում է բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները, իսկ գործողություններով առողջապահական համակարգը տանում է նեղ մասնագետների կաբինետների փակմանն ու վարձատրության նվազմանը: Այս մասին իր ֆեյսբոուքյան էջում գրել է «Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամ, բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Նա նաև խոստացել է ներկայացնել ԱՆ ներքին մի կարգադրանք, որն ուղղված է բժիշկների վարձատրությունների նվազմանը։

«Վերջին օրերին առողջապահության նախարարությունը բարեհաճել է ընդունել մի քանի խումբ բուժաշխատողների, ովքեր փետրվար ամսից պարտադիր ապահովագրության ներդրմանը առընչվող հարցեր և բողոքներ են ուղղում նախարարությանը...

Բուժաշխատողներին խոստանում են «խնդիրների լուծում», «աշխատավարձերի վերանայում», «նեղ մասնագետների համար per capita  վճարման վերականգնում» և այլ խոստումներ, որոնք հստակ հակասության մեջ են առողջապահության նախարարի՝ հարցոզրույցներում հնչեցրած թեզերի և ընդունած կարգի հետ:

Առնվազն ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու, սակայն իմ կոլեգաները, ովքեր նախարարության հետ շփվելու քիչ փորձ ունեն, դեռևս հավատում են «հրաշքների»:

Առողջապահության նախարարությունը բառացի խոստանում է բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները, իսկ գործողություններով առողջապահական համակարգը տանում է նեղ մասնագետների կաբինետների փակմանն ու վարձատրության նվազմանը:

Հ.Գ. վաղը կհրապարակեմ վարձատրությունների նվազմանն ուղղված հերթական «ներքին» կարգադրանքի մասին տեսանյութ, որը չի բարձրաձայնվում ո՛չ հարցազրույցների և ոչ էլ շրջայցների ընթացքում», - գրել է նա։