Տան մեջ բակտերիաների տարածման մեղավորներ են ճանաչվել.. սրբիչները։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները Արիզոնայի համալսարանից։ Եւ այս եզրակացությունը ոչ միայն խոհանոցային սրբիչներին է վերաբերում, այլեւ՝ բաղնիքի եւ ձեռքի։
Խնդիրն այն է, որ, առաջին հերթին, սրբիչները երկար են խոնավություն պահում, ինչը բակտերիաներին գոյատեւելու հնարավորություն է ընձեռում։ Երկրորդը, սրբիչները գործածվում են տան ամենավարակված մասերում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային ցուպիկ կարելի է գտնել խոհանոցային սրբիչների 89 տոկոսի վրա, եւ բաղնիքի սրբիչների՝ 25.6 տոկոսի։ Անգամ ձեռքի սրբիչները բաղնիքում պետք է զգուշությամբ օգտագործել։
Ընդ որում, մասնագետները համարում են, որ լվացքի մեքենայով լվալը սրբիչի վրա միկրոօրգանիզմները ոչնչացնելու բավարար միջոց չէ։
Պրոֆեսոր Էնտոնի Հիլթոնը զգուշացրել է, որ սրբիչների լվացումը գոլ ջրով չի կարող բակտերիաները ոչնչացնել։ Այդ օրգանիզմներից շատերը 37 աստիճանից ցածր ջերնմաստիճանի դեպքում ապրողունակ են, եւ 30 աստիճան ռեժիմով լվացքը դրանց չի ոչնչացնի։ Նա խորհուրդ է տվել լվացքի ժամանակ հատուկ հավելումներ օգտագործել, որոնք կսպանեն բակտերիաները։






