Սարատովի պետական բժշկական համալսարանի (ՍՊԲՀ) գիտնականները մշակել են նոր սարք, որը նախազգուշացնում է մարդուն քրոնիկ սրտային անբավարարության սրացման մասին։ Կրելի սարքը թույլ է տալիս հայտնաբերել օրգանիզմի կրիտիկական վիճակը դեռևս նախքան ախտանիշների ի հայտ գալը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանում բնակչության 7-ից 10 տոկոսը տառապում է քրոնիկ սրտային անբավարարությամբ (հիվանդություն, որի դեպքում սիրտը բավարար քանակությամբ արյուն չի մատակարարում այլ օրգաններին)։ Որոշ տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ դեպքում մահը վրա է հասնում ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է տարեցների մոտ և մնում է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը, նշել են ՍՊԲՀ-ում։

«Այսօր բժիշկները կարող են վերահսկել նման պացիենտների վիճակը հիմնականում պոլիկլինիկա կատարած այցերի ժամանակ: Սակայն սրացումը սովորաբար սկսվում է տանը՝ ակնհայտ ախտանիշների ի հայտ գալուց որոշ ժամանակ առաջ, և երբ մարդը նկատում է ինքնազգացողության վատթարացումը, կարող է արդեն ուշ լինել», — պարզաբանել է ՍՊԲՀ բուժական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Նատալյա Ակիմովան:

Համալսարանի գիտնականները մշակել են կրելի սարք, որը գնահատում է սրտի և ծայրամասային անոթների ակտիվությունը՝ քրոնիկ սրտային անբավարարությամբ (ՔՍԱ) պացիենտի վիճակին հետևելու համար: Ի տարբերություն նմանակների՝ նոր ծրագրատեխնիկական համալիրը կոմպակտ է և կիրառում է բազմաթիվ կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական ու հեմոդինամիկ ցուցանիշների համալիր ինտեգրալ գնահատում:

«Մենք ստեղծում ենք սարք, որը թույլ կտա «որսալ» կրիտիկական պահը և ժամանակին շտկել բուժումը։ Մեր մոտեցման հիմնական նորարարությունը սրտի էլեկտրական ու մեխանիկական ակտիվության կենսաազդանշանների, ինչպես նաև ծայրամասային անոթների վիճակի միաժամանակյա ավտոմատացված վերլուծությունն է։ Սա տալիս է ամբողջական պատկեր, որը թույլ է տալիս կանխատեսել ՔՍԱ-ի դեկոմպենսացիայի հավանականությունը և հայտնաբերել արդեն իսկ սկսվող դեկոմպենսացիան, որը հանգեցնում է ծանր հետևանքների», - պարզաբանել է մասնագետը։

2025 թվականին ՍՊԲՀ-ի գիտնականների խումբը որոշել է սարքի համար առավել կարևոր ֆիզիոլոգիական պարամետրերի հավաքածուն և ստեղծել ապագա բժշկական արտադրանքի նախատիպը։ Ըստ Ակիմովայի՝ արտասահմանյան նմանակների հետազոտությունները ցույց են տալիս, որ նմանատիպ մոնիտորինգի տվյալների հիման վրա իրականացված ժամանակին միջամտությունը կարող է 30-80 տոկոսով նվազեցնել կրկնակի հոսպիտալացումների հաճախականությունը։