Առողջության ապահովագրությունը Հայաստանում իրականացվում է բժշկի ցածր աշխատավարձի գնով։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամ Գևորգ Գրիգորյանը։

Նա նշեց, որ առողջության ապահովագրությունն ինքնին հիանալի ծրագիր է ու շատ կարևոր է Հայաստանի նման երկրների համար, որտեղ վճարունակ մարդիկ քիչ են։ Այս դեպքում ապահովագրությունը խնդրի լուծում է, սակայն, ըստ նրա, այդ լուծումը չպետք է լինի բժիշկների հաշվին։ 

«Եթե այդ խնդիրը պետք է լուծեն բժիշկները, ապա եկեք այդպես ուղիղ ասենք, որ այդ խնդիրը դուք պետք է լուծեք՝ անվճար կամ շատ մատչելի բուժօգնություն տրամադրելով։ Բայց պետությունը ասում է, որ իրենք են լուծում, սակայն իրենց լուծման մեխանիզմը ի վնաս բժշկի է։ Այսինքն աշխատանքը ծավալապես մեծացել է, աշխատավարձերը նվազել են։ Կոնկրետ ոլորտներ կան, օրինակ, ընտանեկան բժիշկները, թերապևտները, ում մոտ ինչ-որ աննշան բարձրացում եղել է։ Բայց գլոբալ առումով մնացած․․․ օրինակ, պոլիկլինիկական նեղ մասնագետների մոտ կտրուկ նվազել է աշխատավարձը, հիվանդանոցային շատ տարբեր մասնագետների մոտ նվազել է։ Օրինակ, այն մասնագիտությունները, այն հիվանդությունները, որոնց գները փոխհատուցման ճիշտ հաշվարկված չեն և այլն, և այլն», - ասաց նա և հավելեց, որ անգամ այս պարագայում ֆինանսներն արդեն չեն հերիքում ռեֆորմն իրականացնելու համար, և առողջապահության նախարարությունը պահուստային ֆոնդից երկուսուկես միլիարդ դրամ է ստացել առաջին եռամսյակի ֆինանսավորումն իրականացնելու համար։

Եվ նա մտահոգություն ունի, որ պետությունն այս նախագիծը մեկնարկել է ընտրություններին շատ քվե ստանալու համար, և ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան հունիսի 7-ին, այն կարող է դանդաղել (օրինակ, երկար ժամկետով հերթագումներ լինեն) կամ կասեցվել գումար չլինելու պատճառով։ «Ես հաշվարկել եմ այս ամեն ինչը, և իմ հաշվարկը համ իրենց պետպատվերի բյուջեն է ներառում, համ այս հավաքագրված գումարներն է ներառում, և միևնույն է, տարվա կտրվածքով այդ գումարը չի հերիքացնում, որպեսզի իրենց ասած ծավալով ապահովագրությունը կարողանան տրամադրել մեր բնակչությանը», - ասաց նա։ 

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ «Բժշկի ձայնը» նախաձեռնության պայքարն ուղղված չէ ապահովագրության դեմ, իրենց նպատակն այն է, որ այդ համակարգը հարատև գործի, բայց ստեղծված պայմաններում դա հնարավոր չէ, քանի որ բժիշկների լուրջ բողոք է հասունանում։

Բժիշկը հիշեցրեց, որ պոլիկլինիկաների որոշ կաբինետներ կանգնել են փակման վտանգի առաջ՝ ինֆեկցիոն, տուբերկուլոզի, գինեկոլոգիական կաբինետները, որոնք պոլիկլինիկայում սպասարկում էին կցագրված բնակչությանը։ Հիվանդանոցներում էլ, ըստ նրա, վիրաբուժական ծառայությունների փոխհատուցման ցածր գները կբերեն որակի անկման։

«Որակը երբեք չի կարող կոպեկներ արժենալ։ Ես միշտ այս համեմատությունը անում եմ, որպեսզի մարդիկ հասկանան։ Հնարավոր չէ 06-ի արժեքով քշել Geländwagen Mercedes։ Ուզում եմ այդպես խնձորներով բացատրել, որպեսզի սովորական քաղաքացին հասկանա, որ այն, ինչ որ խոսք է տալիս պետությունը, ոչ միշտ է, որ իրատեսական է և ոչ միշտ է, որ իրականանալի է», - ասաց նա։

Մասնագետը հավելեց, որ բժիշկներն իրենք էլ են շահագրգռված, որպեսզի ապահովագրության համակարգը կայանա, և իրենք ազատվեն բուժառույի հետ ծառայության գինը քննարկելու անհրաժեշտությունից, ու դրա շնորհիվ՝ պացիենտների անհարգալից վերաբերմունքից։ «Բայց արի ու տես, որ մեր պետությունը փոխարենը ներդնի ադեկվատ առողջության ապահովագրության համակարգ, մեր պետությունը փորձում է բժշկին այսպես ցեխը մտցնելու հաշվին դա անել, ինչը իրենց մոտ չի ստացվելու», - ասաց նա։

Հարցին, թե ինչու է առողջապահության նախարարը խուսափում «Բժշկի ձայնը» նախաձեռնության կազմակերպած հանդիպումներին մասնակցելուց, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց, որ նախարարը վախենում է կորցնել իր քաղաքական դիվիդենդները։  «Որովհետև մեր հարցերին պատասխան չունի, որովհետև մենք առերեսում ենք իրեն առկա խնդիրների հետ, ոչ թե այն վարդագույն աշխարհի մեջ ենք ապրում, որը որ իրենք իրենց համար գծել են»։ Նա կարծիք հայտնեց, որ իրենց հրավերներն անտեսելով, նախարարը ինքն է քաղաքականացրել հարցը, մինչդեռ իրենք ձգտում են չքաղաքականացնել այս խնդիրը, և պահել այն զուտ մասնագիտական հարթության մեջ։

«Ես ուզում եմ ընդգծել, որ սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի, սա մասնագիտական հարց է, որտեղ, որ ես և իմ գործընկերները, որպես բժիշկներ և առողջապահության կազմակերպիչներ, հարց են ուղղում պետական քաղաքականություն որոշող մարմնին և ասում են․ որ ա/ դուք սխալ քաղաքականություն եք վարում, բ/ դուք սխալ եք հաշվարկում և գ/ այդ սխալները հաշվի առնելով, դուք չեք ուզում դրանք ընդունել և ստում եք ամբողջ բնակչությանը։ Եվ այո, նախարարը ստում է ամբողջ բնակչությանը», - ասաց բժիշկը։

Ներկայացնելով նածաձեռնության հետագա քայլերը, Գևորգ Գրիգորյանը նշեց, որ կդիմեն տարբեր քայլերի՝ բժիշկների բոյկոտի ակցիաներից մինչև միջազգային կառույցներին նամակներ հղելը, որպեսզի այս խնդրին ուշադրություն դարձնեն։

Մանրամասները տեսանյութում։