«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում արդեն բավականին մեծ թվով բուժառուներ են հետազոտվել վերջերս ներդրված նոր մեթոդով, որի կիրառումը Հայաստանում կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանը հեղափոխական քայլ է համարում։

Խոսքը գալիում 68 ռադիոկտիվ իզոտոպով պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի մասին է, որը կիրառվում է շագանակագեղձի քաղցկեղի փուլավորման ու տարածվածության աստիճանը գնահատելու համար։ Սա անփոխարինելի մեթոդ է հատկապես քաղցկեղի ռեցիդիվը հայտնաբերելու գործում։

Կոստան Ղալումյանն ընդգծում է մեթոդի ներդրման կարևորությունը շագանակագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարությունը ճիշտ մշակելու և հիվանդության բարդություններից խուսափելու տեսանկյունից։ Գալիումի իզոտոպով պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան ներկա դրությամբ համարվում է նաև ամենաանվտանգ հետազոտական մեթոդը։ 

Այն ունի մի շարք առավելություններ, որոնցից ամենակարևորն այն է, որ այս իզոտոպը հնարավոր է արտադրել հենց բժշկական կենտրոնում։ «Էրեբունի» ճառագայթային կենտրոնն այդ նպատակով ձեռք է բերել հատուկ գեներատոր և այլ անհրաժեշտ սարքեր։ Այս մեթոդով հետազոտվելու համար Հայաստան են գալիս նաև հարևան Վրաստանից։