«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դեռեւս սեպտեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրվող անորակ դեղերի վրա միջոցների վատնումը բացառելու ուղղությամբ, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չի եղել ոչ կառավարությունից եւ ոչ էլ առողջապահության նախարարությունից: Այս մասին ասվում է NEWS.am Medicine-ի հասցեով եկած նամակում։

«Սա անընդունելի վերաբերմունք է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, նրանց իրավունքների նկատմամբ։

Դեռ ավելին, հասարակական կազմակերպությունը այս ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ որոշ հոգեբուժական հաստատություններ մեծ ջանասիրությամբ աշխատում են աղբամանը նետելու ենթակա դեղերի իրացման ուղղությամբ, որպեսզի արդարացվի միլիոնավոր դրամների հերթական մսխումը. հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հրաժարվում են ստանալ դրանք, սակայն թե ինչ ճակատագրի են դրանք արժանանում, դեռեւս հստակ տեղեկատվություն չկա», – գրում են նամակի հեղինակները եւ հավելում, որ  այստեղ արդեն մեծ է իրավապահ մարմինների դերը, որոնք հենց բացառապես իրավասու են ուսումնասիրելու եւ պարզելու պետական բյուջեի միջոցների եւ դրանց միջոցով դեղորայքի ձեռքբերման եւ բաշխման գործընթացում: