The Guardian-ը գրում է, որ կլինիկական հետազոտությունների ծավալուն վերլուծությունը կասկածի տակ է դրել Ալցհայմերի հիվանդության բուժման համար նախատեսված նոր դեղամիջոցների արդյունավետությունը։ Դրանք նախկինում որակվում էին որպես պոտենցիալ «բեկումնային» միջոցներ:
Ավելի քան 20 000 պացիենտների մասնակցությամբ 17 կլինիկական փորձարկումների տվյալների վրա հիմնված վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված հակաամիլոիդային դեղամիջոցներն ապահովում են միայն նվազագույն կլինիկական արդյունք: Խոսքն այն դեղերի մասին է, որոնք մշակվել են ամիլոիդային սպիտակուցները հեռացնելու համար. վերջիններիս կուտակումը կապված է Ալցհայմերի հիվանդության զարգացման հետ:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 18 ամսվա ընթացքում պացիենտների ճանաչողական ֆունկցիաների և ընդհանուր վիճակի փոփոխությունները եղել են կա՛մ գրեթե աննկատ, կա՛մ այնքան չնչին, որ չեն կարող կլինիկական նշանակություն ունենալ: Աշխատանքի հեղինակները նաև նշում են, որ դեղամիջոցների ազդեցությունը կարելի է բնութագրել որպես «աննշան»:
Ընդ որում, հետազոտությունն ընդգրկել է այս դասի տարբեր դեղամիջոցներ՝ ներառյալ ինչպես վաղ շրջանի փորձարարական դեղերը, այնպես էլ նոր միջոցները, ինչպիսիք են լեկանեմաբը և դոնանեմաբը, որոնք որոշ երկրներում արդեն ստացել են կարգավորող մարմինների հավանությունը:
Առանձնահատուկ նշվում է, որ բուժումը կապված է ոչ միայն սահմանափակ արդյունավետության, այլև պացիենտների համար լրացուցիչ բեռի հետ. պահանջվում է կանոնավոր հսկողություն, ներարկումներ և կողմնակի ազդեցությունների վերահսկում, ներառյալ ուղեղի փոփոխությունները, որոնք տեսանելի են ՄՌՏ հետազոտության ժամանակ:
Այդուհանդերձ, վերլուծության եզրակացությունները լուրջ քննադատության են արժանացել գիտական հանրության մի հատվածի և բարեգործական կազմակերպությունների կողմից: Նրանք կարծում են, որ հին, անհաջող դեղամիջոցների տվյալները նոր միջոցների հետ մեկտեղ ներկայացնելն աղավաղում է ընդհանուր պատկերը և կարող է նվազեցնել ժամանակակից դեղերի իրական արդյունավետությունը: Ըստ նրանց՝ հիվանդության զարգացման նույնիսկ չափավոր դանդաղեցումը կարող է էական նշանակություն ունենալ պացիենտների և նրանց ընտանիքների համար:






