Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների հոգեկան առողջությունը ձևավորվում է ոչ միայն նրանց սեփական ժառանգական գենետիկական տարբերակներով, այլև ծնողների գենետիկական առանձնահատկություններով (նույնիսկ նրանցով, որոնք երեխան ուղղակիորեն չի ժառանգել), գրում է News Medical Life Sciences-ը:
Ավելի քան 9 300 նորվեգական ընտանիքների տվյալների վրա հիմնված աշխատությունը դիտարկում է այսպես կոչված «անուղղակի գենետիկական էֆեկտները»:
Այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որ ծնողների գեները կարող են ազդել երեխայի վրա այն միջավայրի միջոցով, որը նրանք ստեղծում են՝ դաստիարակության ոճը, ընտանիքի հուզական մթնոլորտը, սթրեսի մակարդակը և առօրյա սովորությունները:
Հետազոտողները պարզել են, որ երեխաների մոտ տագնապայնության և դեպրեսիվ ախտանիշների ռիսկը կապված է ոչ միայն նրանց սեփական գենետիկական նախատրամադրվածության, այլև մոր և հոր գենետիկական բնութագրերի հետ:
Այս բնութագրերը կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են ծնողները հաղթահարում իրենց հույզերը, ինչպես են կազմակերպում ընտանեկան կյանքը և ինչպես են շփվում երեխայի հետ:
Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե գեների միջոցով «հոգեկան խանգարումների ուղղակի ժառանգման», այլ ավելի բարդ մեխանիզմի մասին է. ծնողների գենետիկական առանձնահատկությունները մասնակիորեն ձևավորում են այն պայմանները, որոնցում մեծանում է երեխան, իսկ արդեն այդ պայմաններն ազդում են հոգեկան առողջության վրա:
Նշվում է նաև, որ այս ազդեցությունների ուժը փոխվում է տարիքի հետ։ Մանկության շրջանում ընտանեկան միջավայրի և ծնողական գործոնների ազդեցությունն ավելի ուժեղ է արտահայտվում, մինչդեռ դեռահասության տարիքում մեծանում է հենց երեխայի անհատական գենետիկական առանձնահատկությունների դերը։
Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են այդ ազդեցության սահմանափակ լինելը. գենետիկական գործոնները բացատրում են տագնապայնության և դեպրեսիայի մակարդակի տարբերությունների միայն մի փոքր մասը։ Սա նշանակում է, որ հոգեկան առողջությունը հնարավոր չէ հանգեցնել միայն գեներին կամ միայն ընտանեկան միջավայրին. այն ձևավորվում է դրանց փոխազդեցության արդյունքում։






