Երեւանում այսօր, նոյեմբերի 18-ին, տեղի է ունեցել Հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջության Հայ-Գերմանական առաջին սեմինարը, որի հիմնական նպատակըառողջապահական ՏՀՏ ոլորտում գերմանական եւ հայկական հաստատությունների միջեւ գիտական, կրթական եւ գործնական համագործակցության ուղիներ գտնելն է:
«Սա համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի գիտության պետական կոմիտեի կողմից:
Նախագծի շրջանակներում երեք աշխատանքային հանդիպում է տեղի ունենալու, որոնցից երկուսը Հայաստանում են անցկացվելու, մեկը՝ Գերմանիայում», - NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքային հանդիպումների ընթացքում հայաստանյան եւ գերմանական հաստատությունների միջեւ մշակվելու է հայեցակարգ՝ հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջության ոլորտում կրթական, գիտական եւ գործնական ծրագրերի իրականացման համար:
Հայաստանից սեմինարին մասնակցում են Սլավոնական համալսարանը եւ Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան, իսկ Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը (ԴՏԻ) եւ հեռաբժկական սարքավորումներ արտադրող «Կլուգհամեր» ընկերությունը:
Սեմինարի մասնակցելու համար Հայաստան են ժամանել Աննա Շմաուս-Կլուգհաները («Կլուգհամեր», Գերմանիա) եւ պրոֆեսոր Հորստ Կունհարդտը (ԴՏԻ, Գերմանիա):
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պրոֆեսոր Հորստ Կունհարդտը ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շատ տպավորված է: Սեմինարից նա մեծ սպասումներ ունի եւ շատ ուրախ է, որ հեռաբժշկությունը եւ էլեկտրոնային բժշկությունն այստեղ զարգանում են:
Աննա Շմաուս-Կլուգհաները իր հերթին նշել է, որ սեմինարի ընթացքում քննարկելու ենք ապագա համագործակցության հնարավորությունները:
«Գերմանիան եւ Հայաստանը միասին սեմինար են անցկացնում, որպեսզի քննարկեն ապագա համագործակցության ուղիները», - ասել է նա:






