Բերանի խոռոչում առկա տարբեր մետաղներից պատրաստված պսակները, իմպլանտները, բրեկետներն ու այլ կոնստրուկցիաները կարող են հանգեցնել գալվանական սինդրոմի և լորձաթաղանթի հիվանդությունների զարգացման։ Վերջիններս երբեմն ուղեկցվում են այնպիսի փոփոխություններով, որոնք կարող են վերածվել քաղցկեղի։
Ինչպես հայտնում է «Նաուչնայա Ռոսսիյա» պորտալը, Սեչենովի համալսարանի Ստոմատոլոգիայի ինստիտուտում մշակվել է գալվանոզի ճշգրիտ ախտորոշման և բուժման եզակի մեթոդ, որն իր տեսակի մեջ աննախադեպ է աշխարհում։
Ինստիտուտի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է բերանի խոռոչի էլեկտրագալվանական գործընթացներով պայմանավորված հիվանդությունների խնդրով։ «Մետաղների և դրանց համաձուլվածքների լայն կիրառումը հաճախ հանգեցնում է նրան, որ բերանի խոռոչում հայտնվում են տարբեր մետաղներից պատրաստված տարրեր, որոնք կազմում են գալվանական զույգ։ Դրանց միջև առաջացող հաստատուն հոսանքը կարող է հարուցել գալվանական սինդրոմ և լորձաթաղանթի ախտահարումներ, այդ թվում՝ նախաքաղցկեղային վիճակներ»,- նշել է պրոֆեսոր Ալեքսանդր Վոլկովը։
Գալվանական սինդրոմի մասին կարող են վկայել բերանի խոռոչում այրոցի զգացումը, չորությունը, թթվահամը, հիպերկերատոզը (լորձաթաղանթի էպիթելի հաստացումը) և խոցերը։ Այդուհանդերձ, վերջնական ախտորոշում տալը բավականին բարդ է, քանի որ բազմաթիվ այլ հիվանդություններ ունեն նմանատիպ ախտանիշներ։ Իսկ առանց խնդրի բուն պատճառը պարզելու՝ բուժումը կարող է անարդյունավետ լինել։
Այդ իսկ պատճառով ամբիոնում մշակվել է այս ախտաբանության ախտորոշման և բուժման մեթոդների մի համալիր, որն աշխարհում իր տեսակի մեջ միակն է։
Ինչպես նշել է ամբիոնի պրոֆեսոր Իրինա Մակեևան, ախտորոշման գործընթացը բաղկացած է երեք հաջորդական փուլից.
Առաջին փուլը մետաղական կոնստրուկցիաների գալվանական զույգերի հայտնաբերումն է։ Մենք համեմատում ենք դրանց էլեկտրաքիմիական պոտենցիալների արժեքները մեր կողմից մշակված և արտոնագրված սարքի միջոցով, որը նախատեսված է յուրաքանչյուր կոնստրուկցիայի պոտենցիալը չափելու համար։ Սակայն հայտնաբերված գալվանական զույգերը միշտ չէ, որ էլեկտրագալվանական գործընթացների աղբյուր են դառնում. դրանք կարող են լինել ոչ ակտիվ վիճակում։ Հետևաբար, անհրաժեշտ է ախտորոշման երկրորդ փուլը՝ պարզել այդ զույգերի էլեկտրագալվանական ակտիվությունը։ Դրա համար մենք չափում ենք լնդային ակոսի (լնդի և ատամի միջև եղած տարածության) հեղուկի ջրածնային ցուցիչների (pH) տարբերությունը՝ գալվանական զույգ կազմող կոնստրուկցիաների մոտ»։
Ախտորոշման երրորդ փուլը մետաղական կոնստրուկցիաների մակերևույթի պասիվացման թեստն է։ «Հետազոտությունը ցույց է տվել, որ երբ պացիենտը բերանի խոռոչը մշակում է սուլֆատ պարունակող պատրաստուկով, մետաղի մակերեսին առաջանում են պաշտպանիչ ծծմբային թաղանթներ, ինչի շնորհիվ էլեկտրագալվանական գործընթացները դանդաղում են կամ լիովին դադարում։ Այդ ընթացքում հավասարվում են մետաղական կոնստրուկցիաների մոտ լնդային հեղուկի ջրածնային ցուցիչները, իսկ պացիենտին անհանգստացնող կլինիկական ախտանիշները զգալիորեն մեղմանում են կամ հաճախ՝ իսպառ անհետանում»,- պարզաբանել է Իրինա Մակեևան։
Հենց այս հայտնագործության վրա էլ հիմնված է բուժումը։ Եթե պասիվացման թեստի արդյունքը դրական է լինում, պացիենտին նշանակվում է բերանի խոռոչի ամենօրյա մշակում՝ սուլֆատ պարունակող պատրաստուկով, մինչև հիվանդության ախտանիշների իսպառ անհետացումը։
«Նախկինում, երբ կասկած կար, որ զարգանում են էլեկտրագալվանական գործընթացներ, բուժումը ենթադրում էր բերանի խոռոչից մետաղական կոնստրուկցիաների լրիվ կամ մասնակի հեռացում։ Սա հանգեցնում էր ֆունկցիոնալ և գեղագիտական խնդիրների։ Իսկ նոր մեթոդը թույլ է տալիս ձերբազատվել գալվանական սինդրոմից՝ առանց այդ կոնստրուկցիաները հեռացնելու»,- նշել է պրոֆեսորը։
Նրա խոսքով՝ սովորաբար գալվանական սինդրոմի առկայությունը սկսում են ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ այրոցի, չորության կամ հիպերկերատոզի այլ պատճառներ չեն գտնում։ Մինչդեռ շատ ավելի արդյունավետ է հիվանդությունը բացառել հենց ախտանիշների ի հայտ գալու փուլում՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար։






