Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ավստրալացի գիտնականները մշակել են նանոկառուցվածքով պլաստիկ թաղանթ, որն ընդունակ է պատռել վիրուսների թաղանթները պարզ շփման միջոցով: Տեխնոլոգիան ներշնչված է բնությունից, մասնավորապես՝ միջատների թևերի միկրոռելիեֆից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում:

Նյութի հիմքում ընկած է նանոմետրիկ «սյուներով» պատված բարակ և ճկուն ակրիլային մակերեսը: Այս կառուցվածքները գործում են մեխանիկորեն. երբ վիրուսը նստում է թաղանթի վրա, դրանք ձգում և պատռում են դրա թաղանթը՝ ամբողջությամբ զրկելով բազմանալու ունակությունից:

Նախատիպը փորձարկվել է մարդու 3-րդ տիպի պարագրիպի վիրուսի (hPIV-3) վրա, որը կարող է առաջացնել բրոնխիոլիտ և թոքաբորբ: Փորձերը ցույց են տվել, որ վիրուսային մասնիկների մոտ 94%-ը ոչնչացվել կամ լուրջ վնասվել է մակերեսի հետ շփումից հետո արդեն մեկ ժամվա ընթացքում:

Հեղինակները նշում են, որ այս մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է ախտահանման ավանդական մեթոդներից։ Ի տարբերություն քիմիական միջոցների՝ նոր թաղանթը ներգործության համար ժամանակ չի պահանջում, չի թողնում թունավոր հետքեր և չի նպաստում միկրոօրգանիզմների մոտ դիմադրողականության ձևավորմանը։ Բացի այդ, այն չի վնասում մակերեսները և կարող է օգտագործվել մի քանի անգամ։

Տեխնոլոգիայի գաղափարն առաջացել է ցիկադների և ճպուռների թևերն ուսումնասիրելիս, որոնք օժտված են բնական բակտերիասպան հատկություններով։ Դրանց արդյունավետությունը բացատրվում է ոչ թե քիմիական կազմով, այլ նանոռելիեֆի առանձնահատկություններով, որն ընդունակ է մեխանիկորեն քայքայել միկրոօրգանիզմների բջիջները։

Մշակված նյութը կարելի է արտադրել գլանափաթեթների տեսքով՝ ինչպես սովորական փաթեթավորման թաղանթը։ Դա հնարավորություն է տալիս այն կիրառել հաճախակի օգտագործվող մակերեսների վրա՝ սմարթֆոնների էկրաններից մինչև բժշկական սարքավորումներ։ Հետագայում գիտնականները ծրագրում են ստուգել տեխնոլոգիայի անվտանգությունն ու արդյունավետությունը իրական պայմաններում, ներառյալ՝ բժշկության մեջ և հանրային վայրերում օգտագործումը։