Էբոլայի տարածման ինտենսիվությունը պետք է նկատելիորեն նվազի 2015 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Էբոլայի հարցերով փորձագետ Պիեր Ֆորմենտին։

«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, որում կհայտնվենք 4–6 ամսից, երբ Էբոլայով վարակման դեպքերի քանակը կարող է կտրուկ նվազել», – ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Ըստ Ֆորմենտիի, վարակման դեպքերի քանակը կկրճատվի մինչեւ 5–10 դեպք շաբաթական։ Միեւնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ համաճարակի ավարտի մասին դեռ վաղ է խոսելը։

Նա նաեւ Էբոլայով վարակման դեպքերի բացահայտման ավելի արդյունավետ թեստեր մշակելու կոչ է արել։

ԱՀԿ վերջին տվյալներով Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհ է դարձել ավելի քան 5000 մարդ։