Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած  աշխատանքային խորհրդակցության ընթացքում  հանրապետության ինվազիվ սրտաբանական ծառայություն  իրականացող  խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ծրագրի իրականացման կազմակերպական հարցեր, ինչպես նաեւ այլ մանրամասներ:

Արմեն Մուրադյանը նշեց, որ կյանք փրկող այս ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում:

Կենսական կարեւորության շտապ բուժօգնություն պահանջող դեպքերն որոշելու համար ՀՀ առողջապահության նախարարության  գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով: 

Նախարարը շեշտեց, որ ծրագրի իրականացման համար կարեւոր է նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ հաշվի առնել կարիքներն ու հնարավորությունները: Այդ կապակցությամբ նա հանձնարարեց վերլուծել սրտի անհետաձգելի վիրահատությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները, մշակել ծրագրի իրականացման մոնիթորինգային խմբի չափորոշիչները, հստակեցնել կազամկերպական եւ ֆինանսական հարցերը: Կարեւորվեց ծրագրի իրականացման ընթացքի մասին հանրության իրազեկումը:

Մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել փորձարարական ծրագիր: