ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային գործընկերներ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ջանքերով:
Համաժողովին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության բարձրաստիճան հեղինակավոր կազմակերպիչներ, մասնագետներ:
ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարեւորում է ամոքիչ խնամքի դերը, ուշադրության կենտրոնում պահում, ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդների խնամքն իրականացնող ծառայության զարգացմանն ուղղված քայլերը: Այս հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության եւ հոգածության:
Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձին, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները եւ ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել` Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով:
Համաժողովի շրջանակում քննարկվելու են նաեւ այս ոլորտում շարունակական կրթական ծրագրերի մշակման հարցերը:






