Այսօր, նոյեմբերի 19-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը (International Men's Day, IMD)։

Առաջին անգամ այս օրը նշվել է 1999 թվականին՝ Տրինիդադ եւ Տոբագոյում։ Գաղափարի հեղինակն էր Վեսթ-Ինդիայի համալսարանի դոկտոր Ջերոմե Տիլուկսինգխը, ով ընտրել էնոյեմբերի 19-ը, քանի որ հենց այդ օրն է ծնվել նրա հայրը։ Ավելի ուշ այս օրը սկսել են նշել նաեւ Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում եւ մի շարք Եվրոպական եւ Ասիական երկրներում։

Տղամարդկանց միջազգային օրվա հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի սեռերի անհավասարության խնդիրը։ Կա կարծիք, որ շատ երկրներում տղամարդիկ խտրականության են ենթարկվում՝ առողջապահության, ընտանեկան իրավունքի եւ կրթության ոլորտներում։ Տոնի գաղափարի հեղինակի կարծիքով, այս օրը հնարավորություն է ընձեռում ցույց տալ, թե ինչ դեր ունի տղամարդը հանրության մեջ եւ երեխաների դաստիարակման գործում, ինչպիսի ձեռքբերումներ նա ունի եւ դեռ կարող է ունենալ։

Շատ երկրներում այս օրը տարատեսակ սեմինարներ եւ միջոցառումներ են կազմակերպվում, եւ դրանց հիմնական նպատակը տղամարդկանց դերի գիտակցումն ու գնահատումն է։