Դեռեւս 1954թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան երեխաների բարեկեցության բարելավմանը միտված նոր տոն՝ Երեխաների համաշխարհային օր սահմանելու՝ բոլոր երկրներին ուղղված առաջարկությամբ էր հանդես եկել:

Այդպիսի տոնը, Գլխավոր Ասամբլեայի ներկայացուցիչների համոզմամբ, ազգերի միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապանդմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ջանքերով՝ ի շահ աշխարհի բոլոր երեխաների իրականացվող աշխատանքների բարելավմանն էր նպաստելու: Ի միջի այլոց, հենց նոյեմբերի 20-ին է Գլխավոր Ասամբլեան Երեխաների իրավունքների հռչակագիրը (1959թ.) եւ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան (1989թ.) է ընդունել:

Համաձայն կոնվենցիայի, յուրաքանչյուր՝ մինչեւ 18 տարեկան մարդ արարած երեխա է համարվում: Ծննդյան պահից նա մի շարք իրավունքներ է ձեռք բերում, որոնց թվում անուն եւ քաղաքացիություն ունենալու, իր ծնողներին ճանաչելու եւ նրանց խնամքը վայելելու իրավունքն է:

Հիշեցնենք, որ 2009թ.-ին նոյեմբերի 17-ն էլ, Վաղաժամ ծնված երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ, Վաղաժամ ծնված երեխաների միջազգային օր է ճանաչվել (World Prematurity Day):

Բացի այդ, հունիսի 1-ին նաեւ Հայաստանում առավել լայն տարածում գտած Երեխաների պաշտպանության օրն է նշվում: Այն 1949թ.-ին Փարիզում՝ Կանանց ժողովրդավարական դաշնության կոնգրեսի որոշմամբ է սահմանվել:

ՅՈւՆԻՍԵՖԻ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային Բանկի կազմակերպությունների խմբի եւ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով վարչության ազգաբնակչության բաժնի կողմից կազմված զեկույցում (2013թ.) առկա տվյալների համաձայն, 1990թ.-ի հետ համեմատությամբ մանկական մահացության կրկնակի կրճատում է գրանցվել. այսօր 17 հազարով քիչ վաղ տարիքի երեխաներ են ամեն տարի տարի մահանում: Սակայն բազմաթիվ երկրներում իրադրությունը շարունակում է խիստ անբարենպաստ մնալ: Մասնավորապես, մանկական մահացության 5 դեպքերից 4-ը Աֆրիկային եւ Հարավային Աիային են բաժին հասնում: