Երևանում ընթանում է տարվա ամենախոշոր բժշկական իրադարձություններից մեկը: Ներքին բժշկության հայկական ասոցիացիան՝ Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, անցկացնում է միջազգային գիտաժողով՝ նվիրված ներքին և ընտանեկան բժշկության արդի մարտահրավերներին ու նորարարություններին:

Եռօրյա գիտաժողովի օրակարգը խիստ հագեցած է. մեկ հարկի տակ են հավաքել ավելի քան 500 մասնագետներ: քննարկվում են Հայաստանում քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սրտանոթային ռիսկերին, ինչպես նաև տղամարդկանց և կանանց առողջությանն առնչվող հարցեր:

Առաջին օրվա թեման հանրային առողջությունն է և վնասի նվազեցմանն ուղղված քայլերը։

«Այսօր ընդհանրապես հանրային առողջության քննարկումն է, բոլոր այն խնդիրները, բոլոր այն վնասները, որը մենք ունենք հանրային առողջությունում, սկսած օդի աղտոտվածությունից, հանկարծակի ուշագնացություններից, չկարգավորվող հիպերտոնիայից։ Որովհետև չկարգավորվող հիպերտոնիան դա անձի խնդիրը չէ։ Որ ինքը բարձր զարկերակային ճնշում ունի, դա անձի խնդիրն է, բայց որ դա չի կարգավորվում, դա հանրային խնդիր է։ Ծխում է, վնաս է տալիս իր առողջությանը, բայց դա հանրային խնդիր է, որովհետև վնասում է ուրիշին», - ասում է Ներքին հիվանդությունների բուժման հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը։  

Գիտաժողովի կարևորագույն թեմաներից մեկը մետաբոլիկ համախտանիշի դեմ պայքարն է, որն այսօր աշխարհում արդեն դիտվում է որպես համավարակ: Առողջապահական համակարգի ծանրացած այս բեռը նվազեցնելու, ինչպես նաև ռիսկի գործոնների դեմ պայքարի արդի հայեցակարգերի մասին խոսեց գիտաժողովի հրավիրյալ մասնագետ Եկատերինա Պոլյակովան:

«Բոլոր բժիշկները պետք է առաջին հերթին շեշտը դնեն ռիսկերի մոդիֆիկացիայի գործոնների դեմ պայքարի վրա՝ ծխելու,  ալկոհոլի օգտագործման դեմ պայքար, ճիշտ սնունդ, նստակյաց կենսակերպի հաղթահարում, որակյալ քուն և կանոնավոր ստուգումներ՝ հնարավոր ախտանշանների վաղ հայտնաբերման համար։ Սա անհրաժեշտ է՝ բարդությունները կանխելու նպատակով», - ասում է պրոֆեսոր Եկատերինա Պոլյակովան Ռուսաստանից։

Մասնագետի խոսքով՝ ռիսկերի նվազեցման ժամանակակից մոտեցումները թույլ են տալիս պայքարել վնասակար սովորությունների, մասնավորապես՝ ծխելու դեմ նաև փուլային տարբերակով՝ անցումային կամ այլընտրանքային միջոցների օգնությամբ՝ նպատակ ունենալով ի վերջո հասնել լիակատար հրաժարման:

 

«Հատկապես, երբ խոսում ենք դասական ծխախոտի մասին, որը պարունակում է հսկայական քանակությամբ՝ ավելի քան 7000 վնասակար նյութ։ Այդ պատճառով ծխելուց հրաժարվելը կարող է զգալիորեն՝ մոտ 30 տոկոսով, երկարացնել մարդու կյանքի տևողությունը, նույնիսկ եթե ծխելը թողնելը տեղի է ունենում փուլերով՝ օրինակ՝ ծխախոտի տաքացման համակարգերի կամ նիկոտին պարունակող այլ միջոցների օգնությամբ՝ մինչեւ նիկոտին պարունակող բոլոր միջոցներից լիարժեք հրաժարվելը», - ասում է Պոլյակովան։

Գիտաժողովի օրակարգն ու ծխախոտի օգտագործման վնասակարության դեմ պայքարի նոր մոտեցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև հայաստանյան առաջատար կլինիկաների ներկայացուցիչների շրջանում:

«Առավելապես տպավորեցին այն զեկույցները, որտեղ առաջարկվում են այլընտրանքային, ծխախուտային, նիկոտինային մեթոդներ, որոնք հետազոտվում են արտասահմանում և ապացուցվում է, որ շատ ավելի նվազեցված է նիկոտինի ազդեցությունը այդ դեպքերում, քանի որ խեժը պակաս է ավելի և ծուխը չի ազդում շրջապատի վրա», - ասում է «Աստղիկ» ԲԿ Ընդհանուր թերապիայի և ամբուլատոր հիվանդանոցային ծառայության ղեկավար Ալլա Սաֆարյանը։

Հայաստանը համարվում է դեմոգրաֆիկ ծերացող երկիր, ինչը թելադրում է նոր մոտեցումներ ու ծերաբուժության՝ գերիատրիայի զարգացման հրամայական: Այս տարի առաջին անգամ գիտաժողովի շրջանակներում բարձրացվել է տարեցների հանդեպ խտրականության, խարանման և թաքնված բռնության խիստ արդիական թեման, որին անդրադարձել է Լամարա Մանուկյանը:

«Այսօր մենք պետք է մտածենք նրա մասին, որպեսզի ապահովենք տարեցին արժանավայել ծերություն։ Իսկ արժանավայել ծերությունը դա կարմիր թել է ծերաբուժության, որ տարեցը լինի անկախ կողմնակի օգնությունից, այսինքն կարողանա ինքնասպասարկվել, ինքնավարել, ինքնուրույն հաշվել, ինքնուրույն գնալ խանութ և այլն», - ասում է Լամարա Մանուկյանը։  

Փորձի փոխանակման նպատակով Հայաստան են ժամանել առողջապահության ոլորտի առաջատար փորձագետներ Ռուսաստանից, Իտալիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Իրաքից, Եգիպտոսից և այլ երկրներից: Գիտաժողովի թիրախային լսարանը ամբողջ թերապևտիկ ոլորտն է՝ ընտանեկան բժիշկներից մինչև նեղ մասնագետներ՝ սրտաբաններ, նյարդաբաններ, ինչպես նաև կլինիկական-լաբորատոր ախտորոշման մասնագետներ և ռադիոլոգներ։