BMJ Nutrition, Prevention & Health ամսագրի ինդոնեզացի հետազոտողների իրականացրած համակարգված ակնարկը ցույց է տվել, որ սննդակարգում գուավայի հյութի ավելացումը կարող է զգալիորեն բարձրացնել անեմիայով տառապող դեռահասների և հղի կանանց հեմոգլոբինի մակարդակը։
Երկաթդեֆիցիտային անեմիայի խնդիրը հատկապես տարածված է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների կանանց շրջանում։ Ըստ գնահատականների՝ անեմիան ախտահարում է աշխարհում հղի կանանց գրեթե կեսին և դեռահասների զգալի մասին։ Հիմնական պատճառը երկաթի պակասն է, որը կապված է սննդառության, հղիությունների, դաշտանային արյունահոսությունների և բժշկական օգնության սահմանափակ հասանելիության հետ։
Ստանդարտ բուժումը երկաթի պատրաստուկներն են, սակայն դրանք հաճախ առաջացնում են կողմնակի ազդեցություններ (սրտխառնոց, մարսողության խանգարումներ) և վատ են սնուցվում, ինչն էլ նվազեցնում է թերապիայի արդյունավետությունը: Այդ պատճառով հետազոտողները փնտրում են բուժմանն աջակցող ավելի հասանելի և «մեղմ» սննդային հավելումներ։
Գուավան դիտարկվում է որպես այդպիսի տարբերակներից մեկը։ Այն պարունակում է վիտամին C, ֆոլատներ, հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք կարող են բարելավել երկաթի յուրացումն ու խթանել արյունաստեղծումը։
Ակնարկում ներառվել է Ինդոնեզիայում անցկացված 17 հետազոտություն, որոնց մասնակցել է 726 մարդ։
Գիտնականները կարծում են, որ այս ազդեցությունը կարող է կլինիկական նշանակություն ունենալ և որոշ դեպքերում թեթև կամ չափավոր անեմիան հասցնել նորմայի սահմաններին։
Ազդեցության մեխանիզմը նախևառաջ կապում են վիտամին C-ի բարձր պարունակության հետ, որն ուժեղացնում է ոչ հեմային երկաթի յուրացումը, ինչպես նաև հակաօքսիդանտ հատկությունների հետ, որոնք նվազեցնում են էրիթրոցիտների վնասումն ու քայքայումը։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունների մեծ մասն անցկացվել է մեկ երկրում և ունեցել է մեթոդաբանական սահմանափակումներ, ուստի արդյունքները չի կարելի մեխանիկորեն տարածել բոլոր պոպուլյացիաների վրա։ Այդուհանդերձ, միտումը կայուն տեսք ունի և պահանջում է ավելի լայնածավալ, ռանդոմիզացված հետազոտությունների անցկացում։
Հեռանկարում հետազոտողներն առաջարկում են գուավայի հյութը դիտարկել որպես անեմիայի կանխարգելման ծրագրերի էժան ու հասանելի սննդային հավելում՝ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ այս միրգը լայնորեն տարածված է։






