Այո, ամեն օր հետևում եմ պարոն Օսիպյանի հացադուլի արդյունքում առողջական ցուցանիշներին և այո, նա օգտվում է իր սահմանադրական իրավունքից, բայց մենք բոլորս ուզում ենք, որ նա իհարկե դադարեցնի։ Այս մասին այսօր, մայիսի 30-ին, Պրահայի այգում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց առողջապահոության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե արդյոք նախարարությունը հետևում է հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի առողջությանը։
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր անձանց առողջական վիճակի մասին հոգ է տանում քրեակատարողական առողջության ՊՈԱԿ-ը, բայց, ինքը, որպես նախարար տեղեկացված է բոլոր դեպքերի մասով, որոնց հանդեպ ուշադրության անհրաժեշտություն կա։
«Այո, ամեն օր հետևում եմ նաև պարոն Օսիպյանի կողմից, ուրեմն, հացադուլի արդյունքում նրա առողջական ցուցանիշներին և այո, նա օգտվում է իր սահմանադրական իրավունքից, բայց մենք բոլորս ուզում ենք, որ նա իհարկե դադարեցնի, և սա է մեր ցանկությունը», - ասաց նա։
Պատասխանելով հոգեբուժարանում ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի մասին հարցին, թե ո՞ւմ թերացումն է եղել, որ նա մնացել է առանց վերահսկողության, և արդյոք իրավաչափ էր «ՔՊ» նախընտրական պաստառը պատռելու համար նրան ձերբակալելը, նախարարը նշեց, որ դեպքի հետ կապված կա քրեական գործ և ծառայողական քննություն։
«Ավել մանրամասներ չեմ կարող ներկայացնել, և ինչպես բոլոր դեպքերում, թե քրեակատարողական հիմնարկներում և թե հենց հոգեկան առողջության կենտրոններում, նման դեպքերը մեզ համար շատ ծանր են։ Մենք ամեն ինչ անում ենք բացառելու դրանք, արդյոք հնարավոր է ամբողջությամբ բացառել, դժվար է պատկերացնել, բայց այն որ բոլոր դեպքերով ծառայողական քննությունների արդյունքում լինում են, եթե կան պատճառներ և հիմքեր, պատասխանատվություն և մեր ընթացակարգերի վերանայում։ Թե իրավաչափ էր ձերբակալությաունը, դա իմ այս պահին անդրադարձի ոչ տեղն է, ոչ դրա լիազորությունը ունեմ, կամ իրավապահ մարմին եմ», - ասաց Անահիտ Ավանեսյանը, շեշտելով, որ սա իր որպես նախարարի պատասխանն է։
Հարցին, թե ինչպես է նա գնահատում այս դեպքը որպես «ՔՊ» թիմի անդամ, նա պատասխանեց․ «Որպես թիմի անդամ, որպես նախարար հարցին պատասխանեցի այնքանով, ինչքան լիազորված եմ և ունեմ դրա պատասխանը։ Չունեմ դրա պատասխանը, դրա պատասխանը ուղղվում է այլ մարմինների», - ասաց նա։






