Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Առողջապահության նախարարության կայքում, սակայն, ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, «առանց նշելու մրցույթի անցկացման վայրը և ընթացակարգային մանրամասները»։

«Samvel G Kharazyan, այսօր իմ բոլոր փորձերը ապարդյուն էին. Հիմնադրամից այդպես էլ չկարողացա պարզել, թե որտեղ և ինչ ընթացակարգով է անցկացվելու մրցույթը։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ տեղեկատվությունը նույնիսկ դիմորդներից է գաղտնի պահվում։

Քանի որ Դուք մեկ ժամ անց մասնակցելու եք գլխավոր տնօրենի պաշտոնի մրցույթին, մտածեցի՝ գուցե Ձեզ արդեն հայտնել են այդ «գաղտնիքը»։ Թե՞ Դուք էլ, ինչպես մյուս դիմորդները, դեռ չգիտեք, թե որտեղ պետք է ներկայանալ և ինչ ձևաչափով է անցկացվելու ընտրությունը։

Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan), եթե մրցույթի անցկացման վայրն ու ընթացակարգը դիմորդներից գաղտնի պահելը համարվում է թափանցիկ կառավարման նոր ստանդարտ, ապա դժվար չէ պատկերացնել, թե վաղը ինչպես է իրականացվելու ամբողջ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կառավարումը», - գրել է նա։